Իջևանին և Դիլիջանին է վերադարձվել 162 մլն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2095 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2048 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 431 քրեական վարույթ՝ 464 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 349 քրեական գործ՝ 359 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 382 քրեական գործ՝ 408 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 54 միլիոն 986 հազար դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել ընդհանուր 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք:

Մասնավորապես՝

  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:
  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող՝ 1163.3 քմ մակերեսով մանկապարտեզի շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 30 միլիոն 838 հազար դրամ:
  • Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի Խաշթառակ բնակավայրի 9 փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ:
  • Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում (շատրվաններին կից) գտնվող՝ 0.03265 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամ:

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների՝ այդ թվում անչափահասների շրջանում, կանխարգելմանն ու բացահայտմանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում