Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է մինչև մայիս անցկացնել ընտրություններ և հանրաքվե. Financial Times

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է մինչև մայիս անցկացնել ընտրություններ և հանրաքվե. Financial Times

Բրիտանական Financial Times թերթը հաղորդել է, որ ԱՄՆ վարչակազմի ճնշման տակ Ուկրաինան սկսել է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի պլանավորումը մինչև այս տարվա մայիսի 15-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները, որոնք զրուցել են FT-ի լրագրողների հետ, և որոնց անունները չեն նշվում, հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է նախագահական ընտրությունների և հանրաքվեի պլանների մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալման չորրորդ տարելիցին։

Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Կիևը անցկացնի ընտրությունները, քանի որ ցանկանում է հաջողությամբ ավարտել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններն այս գարնանը: Հակառակ դեպքում, Վաշինգտոնը սպառնում է զրկել Ուկրաինային անվտանգության երաշխիքներից, որոնք ԱՄՆ-ն նախատեսում է տրամադրել խաղաղության համաձայնագրի շրջանակներում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնել մինչև ամռան սկիզբ։

Ընտրությունների անցկացումը Ուկրաինայում Մոսկվայի նախնական պահանջներից մեկն էր ԱՄՆ նոր վարչակազմի հետ բանակցություններում։ Ուկրաինացի և եվրոպացի շատ քաղաքական գործիչներ և դիտորդներ կարծում են, որ Մոսկվան ակնկալում է, որ ռազմական դրության ժամանակ ընտրություններն էլ ավելի կապակայունացնեն Ուկրաինան։

Ինչպես նշում են FT-ի լրագրողները, եթե Ուկրաինան համաձայնի ընտրություններ անցկացնել, ապա դա կլինի էական զիջում Զելենսկու կողմից, որը բազմիցս հայտարարել է, որ ընտրություններն անհնար են, քանի դեռ երկրում ռազմական դրություն է գործում, միլիոնավոր ուկրաինացիներ պատերազմից փախել են այլ երկրներ, իսկ երկրի մոտ 20%-ը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։

Մեկնաբանելով Financial Times-ի հրապարակումը՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակում BBC-ի աղբյուրները նշել են, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դրանց անվտանգությունը երաշխավորված լինի։

Միևնույն ժամանակ, նախագահական գրասենյակում ուկրաինական պետական ​​լրատվական գործակալության՝ «Ուկրինֆորմ»-ի աղբյուրն ասել է. «Եթե ռուսները ամեն օր մարդկանց են սպանում, ապա ինչպե՞ս կարող են հայտարարել կամ լրջորեն քննարկել ընտրություններն առաջիկա շաբաթներին։ Ոչ ոք դեմ չէ ընտրություններին, բայց պետք է անվտանգություն լինի»։

Ուկրաինական և արևմտյան աղբյուրները FT-ին հայտնել են, որ մայիսի կեսերին ընտրություններ և հանրաքվե անցկացնելու ծրագիրը, հավանաբար, չի իրականանա, քանի որ դա կախված է չափազանց շատ գործոններից, այդ թվում նրանից՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա խաղաղության համաձայնագրի կնքման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում