Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված բացառիկ համերգ է կայացել

2 րոպեի ընթերցում

Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, որն ընդգրկված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի հոբելյանական ծրագրերի ցանկում:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված Սեբաստացու հոբելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել են հայկական հոգևոր երաժշտության բազմադարյա ժառանգությունը, որի առանցքում Մխիթար Սեբաստացու ստեղծագործական և մտավոր վաստակն է։

Համերգը մեկնարկել է Մաշտոցի, Շնորհալու և Նարեկացու տաղերով՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ. Խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։

Հաջորդիվ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ հնչել են Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև Մխիթարյան մեծանուն վարդապետների՝ Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Գաբրիել Այվազովսկու, Հ. Կարապետ Տէր Սահակեանի, Հ. Մեսրոպ Ճանաշյանի և Հ. Վահան Յովհաննէսեանի ստեղծագործությունները՝ բացահայտելով հայկական հոգևոր երաժշտության խորությունն ու հարուստ ավանդույթները։

Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացվել են հատուկ կամերային երաժշտական կազմի համար կատարված մշակումներով, որոնք լայն հանրության համար առաջին անգամ են հնչել։

Համերգն իրականացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։

Համերգին ներկա են եղել Հայաստանի Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Մխիթարյան միաբանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք։

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26