«Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք». ոլորտի պատասխանատուները քննարկել են առաջնահերթ խնդիրները
5 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը «Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» թեմայով մեկ հարթակում էր հավաքել ոլորտի պատասխանատուներին՝ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց իրավունքների վերաբերյալ իրազեկման գործնական մեխանիզմների բարելավման և առաջնային գործողությունների ձևավորման հարցերը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ չափազանց կարևոր է ունենալ այնպիսի հարթակներ, որտեղ ոչ միայն կքննարկվեն կանանց իրավունքներին վերաբերող հարցերը, այլ նաև կգործարկվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան լայն մասշտաբով հասցեավորել ոլորտում առկա խնդիրները։ Նրա խոսքով՝ որքան էլ բարդ լինի խոսել այս խնդիրների մասին, դրանք իրականում մարտահրավերներ են, քանի որ շատ հարցեր հանրային ընկալման մեջ դեռ չեն համապատասխանում կանանց իրավունքների և մարդու իրավունքների ժամանակակից ստանդարտներին։
«Այս ոլորտում աշխատանքները պետք է լինեն շարունակական և համակարգային, հակառակ դեպքում հնարավոր չէ հասնել արդյունքների, որոնք կբավարարեն ժամանակակից աշխարհի պահանջներին»,- ասաց Մանասյանը:
Նա նաև շեշտեց, որ հատկապես այսպիսի զգայուն ոլորտներում անհնար է միայնակ արդյունավետ գործունեություն ծավալել․ անհրաժեշտ է համագործակցություն, համախոհների միջավայր և գործընկերային աշխատանք։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և փաստաբաններին՝ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած կարևոր աշխատանքի համար։ Նա առանձնահատուկ նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դերը՝ որպես ոլորտի կարևորագույն գործընկեր, և ընդգծեց, որ հիմնադրամը թե՛ մասնագիտական, թե՛ էթիկական տեսանկյունից մշտապես ակտիվորեն աջակցում է ոլորտի զարգացմանը։
Պաշտպանը նաև կարևորեց պետական կառույցների մասնակցությունը և նշեց, որ թե՛ ներքին գործերի, թե՛ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչների ներկայությունը վկայում է պետական համակարգի պատրաստակամության մասին՝ համագործակցելու և համատեղ լուծումներ գտնելու հարցում։ Նրա խոսքով՝ կանանց իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կարող է լինել միայն բազմակողմանի համագործակցության պայմաններում։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթում նշեց, որ կանանց ներգրավվածության և իրավունքների պաշտպանության հարցերը մշտապես նախարարության օրակարգում են։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին նախարարությունը որդեգրել է ավելի բաց և արձագանքող մոտեցում՝ կանանց իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ։
Արմեն Ղազարյանը առանձնացրեց երկու հիմնական ուղղություն՝ կանանց ներգրավվածությունը իրավապահ համակարգում և ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Նրա խոսքով՝ ներկայում նախարարության համակարգում կանանց ներգրավվածությունը կազմում է շուրջ 19 տոկոս, իսկ ոստիկանությունում՝ մոտ 8,7 տոկոս, և նպատակ է դրված այդ ցուցանիշը բարձրացնել մինչև 30 տոկոս։
«Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, նշեմ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է բռնարարների նկատմամբ էլեկտրոնային հսկողության պարտադիր կիրառումը, և այդ համակարգը կգործարկվի առաջիկա ամիսներին։ Կարևոր է նաև Safe you հավելվածի ներդրումը, որը հնարավորություն կտա օպերատիվ կերպով ահազանգեր ստանալ և արագ արձագանքել»,- նշեց նախարարի տեղակալը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն էլ նշեց, որ նախարարությունը կարևորում է կանանց համար արդարադատության հասանելիության ապահովումը և աշխատում է օրենսդրական այնպիսի փոփոխությունների վրա, որոնք թույլ կտան կանանց առանց ֆինանսական խոչընդոտների դիմել դատարան և ստանալ պատշաճ դատական պաշտպանություն։
Նա ընդգծեց, որ ոլորտի բարեփոխումները պահանջում են նաև ոստիկանության ծառայությունների ավելի մեծ պատասխանատվություն, քանի որ վարչական գործերի մեծ մասը ձևավորվում է հենց նրանց աշխատանքի արդյունքում։ Աննա Կարապետյանը հավելեց, որ կանանց իրավունքների պաշտպանության գործում կարևոր է նաև տղամարդկանց ներգրավվածությունը, որպեսզի հարցերը ոչ միայն քննարկվեն, այլև արդյունավետորեն հասցեագրվեն։