Սևան համայնքում 2025 թվականի վերջին հինգ ամսում տեսակավորվել է 13 տոննա 210 կիլոգրամ աղբի թափոն

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում 2025 թվականի հուլիսի 26-ից ներդրվել է թափոնների տեսակավորման նոր համակարգը, ինչի արդյունքում էլ անցած տարվա վերջին հինգ ամսում տեսակավորվել և Հրազդանի կենտրոնական աղբավայր է տեղափոխվել 13 տոննա 210 կգ աղբի թափոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, արդեն 6 ամսից ավելի սևանցիները աղբահանության ոլորտում քայլ առ քայլ ձևավորում են նոր մշակույթ:

Կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք քաղաքի տարբեր հատվածներում են՝ թաղամասերում, փողոցներում, հասարակական նշանակության շենք-շինությունների հարակից տարածքներում, առանձնատների բակերում, հուշում են, որ վերամշակելի թափոններն այսուհետ ունեն իրենց համար հատկացված տարաներ:

Վերամշակելի թափոնները «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով, որին համայնքը արտապատվիրակել է տեսակավորված աղբի հավաքման և տեղափոխման ողջ գործընթացը, Սևանին նվիրաբերված թափոնատար մեքենայով տեղափոխվում են Հրազդանի սանիտարական աղբավայր, որտեղ էլ ստանում են «երկրորդ կյանք»:

Համաձայն «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ներկայացված վիճակագրական տվյալների՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տեսակավորման թափոնամաններից տեղափոխվել է 400 կգ ապակի, 10360 կգ ստվարաթուղթ և թուղթ, 600 կգ մետաղ, 50 կգ պոլիէթիլենային տոպրակ, 1800 կգ պլաստիկ:

«Իհարկե, տեղափոխվող թափոններն ամբողջովին տեսակավորված չեն եղել. Հրազդանի սանիտարական աղբավայրում դրանք ևս մեկ անգամ տեսակավորվել են, որի արդյունքում 26090 կգ թափոն տեղափոխվել է աղբավայրի՝ ընդհանուր օգտագործման բջիջ: Աղբահանությունից թափոնների կառավարման անցումը հնարավոր է բոլորիս պատասխանատու վերաբերմունքի և քաղաքի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի շնորհիվ:

Սևանում սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը կյանքի է կոչվել Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի կողմից, և իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը