Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ չնայած ԱՄՆ նախագահի հայտարարած էներգետիկ հրադադարին։ Նրա գնահատմամբ՝ եթե այդ հարվածները Մոսկվայի պատասխանն են ամերիկյան նախաձեռնությանը, ապա Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ անդրադառնալով ԱՄՆ-ում հանդիպումների արդյունքների և ամերիկյան նախագահի թիմի հետ ամենօրյա հաղորդակցության վերաբերյալ բանակցային խմբի զեկույցին։
«Ուկրաինան պատրաստ է իրական որոշումների և ապաէսկալացիայի քայլերի՝ այս պատերազմի ավարտն ավելի մոտեցնելու համար։ Ուկրաինան աջակցել է էներգետիկ հրադադարին։ Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է․ Ուկրաինան պատրաստ է ապահովել էներգետիկ հրադադարի պահպանումը, ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահը, և Ռուսաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի»,- նշել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն առայժմ չի ցուցաբերում ԱՄՆ նախագահի հայտարարած պայմանների կատարումը։ Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ են հասցվել նախորդ օրը և շարունակվում են նաև այսօր։ Նա հավելել է, որ օրվա ընթացքում Ուկրաինայում հնչում են օդային տագնապի ազդանշաններ, իսկ Ռուսաստանը կիրառում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր և ավիառումբեր։
«Եթե այս հարվածներն են Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ ռուսները բաց են թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը»,- ընդգծել է Զելենսկին։
Զելենսկին հայտնել է նաև, որ ամերիկյան կողմի հետ երկխոսությունը շարունակվում է բոլոր մակարդակներում, և որոշվել են հետագա քայլերն ու դիվանագիտական շրջանակները։