Երևանի համայնքապատկան տարածքում գտնվող որոշ ինքնակամ ավտոտնակներ հնարավոր կլինի օգտագործել վարձակալական հիմունքով
2 րոպեի ընթերցում

Երևանի համայնքապատկան հողատարածքներում գտնվող այն ինքնակամ ավտոտնակները, որոնք չեն խանգարում խաղահրապարակների կառուցմանը, սակայն դրանց օրինականացումն ու սեփականաշնորհումն անհնար է, հնարավոր կլինի շահագործել վարձակալական հիմունքներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետը Տիգրան Ավինյանը հայտարարեց փետրվարի 9-ի գործակարգավարական խորհրդակցությանը։
«Մենք պարբերաբար ստանում ենք մետաղյա և այլ ավտոտնակների հողատարածքների օրինականացման հայտեր՝ ինքնակամ շինությունների մասին որոշման համաձայն, և ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Մեր հատակագծով հիմնականում բոլոր վերգետնյա ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Այդ հողատարածքներում մենք ուղղակի իրավունք չունենք ինքնակամ շինություններ օրինականացնելու»,-շեշտեց Ավինյանը՝ հավելելով, որ բացի հայտերը մերժելուց, Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ քաղաքապետարանը պետք է քանդի այդ շինությունները։
«Դրա փոխարեն առաջարկում եմ կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Այսինքն՝ բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են։ Եթե ձեր գործող ավտոտնակի համար վարչական շրջանի հետ կնքեք հողի վարձակալության պայմանագիր, կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ»,-մանրամասնեց Երևանի քաղաքապետը։