Միացյալ Նահանգներ

Թրամփն առաջարկում է ՌԴ-ի հետ նոր համաձայնություն կնքել՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի փոխարեն

2 րոպեի ընթերցում

Թրամփն առաջարկում է ՌԴ-ի հետ նոր համաձայնություն կնքել՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի փոխարեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է նոր, բարելավված և արդիականացված համաձայնագրի կնքման՝ Ռուսաստանի հետ ավելի վաղ գործող «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը երկարաձգելու փոխարեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

««Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը երկարաձգելու փոխարեն, մենք պետք է մեր միջուկային փորձագետներին հանձնարարենք աշխատել նոր, բարելավված և արդիականացված համաձայնագրի վրա, որը գործի երկար ժամանակ», - գրել է ԱՄՆ ղեկավարը։

Թրամփը նաև քննադատել է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը՝ նշելով, որ այն «վատ է բանակցվել» ԱՄՆ-ի կողմից և բացի այդ, «կոպտորեն խախտվել է»։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իրազեկ աղբյուրի, հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել պահպանել «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի պայմանները ևս առնվազն վեց ամիս, որի ընթացքում բանակցություններ տեղի կունենան նոր համաձայնագրի շուրջ։

2026 թ. փետրվարի 5-ին լրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։

ԱՄՆ-ին և Ռուսաստանին բաժին է ընկնում աշխարհի միջուկային զինանոցի 86%-ը:

2025 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր ԱՄՆ-ին կամավոր կերպով ևս մեկ տարի պահպանել պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Ամերիկյան կողմը չէր արձագանքել այս առաջարկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում