Ադրբեջան

Հռոմի պապը բարձր է գնահատել Փաշինյանի և Ալիևի ընտրությունը՝ որպես «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապը բարձր է գնահատել Փաշինյանի և Ալիևի ընտրությունը՝ որպես «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ

Հռոմի պապ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ, որում անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության  ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Vatican News-ը, Հռոմի պապը իր ուղերձում բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել են որպես մրցանակակիրներ։ Նա հիշատակել է նաև նույն մրցանակին արժանացած աֆղան իրավապաշտպան Զարքա Յավթալին և պաղեստինյան Taawon կազմակերպությանը։

«Նրանք հույս են սերմանում այնպիսի մի աշխարհում, որը հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում։ Նրանք ընտրում են համերաշխության դժվարին ուղին՝ անտարբերության և դյուրին ճանապարհի փոխարեն։ Նրանք փաստեցին, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են բուժվել շոշափելի գործունեությամբ»,- ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ «Զայեդ» մրցանակի դափնեկիրների աշխատանքը վկայում է այն մասին, որ «եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում