Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը

7 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման նոր միասնական կարգը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նոր կարգավորման նպատակն է ապահովել ընդունելության և ավարտական քննությունների գործընթացների առավել համակարգված, թափանցիկ և միասնական կազմակերպում՝ սահմանելով հստակ չափորոշիչներ, պահանջներ և ընթացակարգեր։ Այն ուղղված է մշակութային կրթության որակի բարձրացմանը, սովորողների կարողությունների արդար և համարժեք գնահատմանը, ինչպես նաև ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը։

Կարգը սահմանում է ընդունելության փուլերի կազմակերպման, քննությունների անցկացման, գնահատման սկզբունքների, ինչպես նաև արդյունքների ամփոփման, բողոքարկման և փաստաթղթավորման ընթացակարգերը՝ հաշվի առնելով մշակութային կրթության առանձնահատկությունները։

Նոր կարգի ներդրումը կարևոր քայլ է ոլորտի զարգացման և կրթական գործընթացների կատարելագործման ուղղությամբ` հաշվի առնելով, որ մինչ այժմ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում չի գործել միասնական կարգ. տարբեր կրթական հաստատություններում կիրառվել են տարբեր մոտեցումներ և ընթացակարգեր։

Կարգը նախատեսված է համայնքային և պետական դպրոցների համար, որոնք առաջնորդվում են ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններով» և համապատասխան առարկայական ծրագրերով:

Ընդունելություն

Ըստ կարգի՝ դպրոց ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Լրացուցիչ ընդունելություն կարող է կազմակերպվել միայն առկա ազատ տեղերի պարագայում։

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է տարիքային երկու խմբերի համար՝

  • յոթնամյա կրթության դեպքում՝ 6-ից 9 տարեկան երեխաներ,
  • հնգամյա կրթության դեպքում՝ 9-ից 12 տարեկան երեխաներ,
  • չորսամյա կրթության դեպքում՝ 9-ից 12 տարեկան երեխաներ:

Ընդունելությունն անցկացվում է ստեղծագործական ընտրության ձևաչափով՝ ըստ ծրագրի ուղղվածության: Յուրաքանչյուր բաժնի համար հաստատվում են համապատասխան առաջադրանքների ցանկը, բարդության մակարդակները և գնահատման ցուցանիշները։ Դրանք մշակվում են դպրոցի կողմից և հրապարակվում ընդունելության նախաշեմին՝ ոչ ուշ, քան ընդունելության մեկնարկից 21 օր առաջ հաստատության տեղեկատվական վահանակում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցի էջում:

Դիմորդների գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական չափորոշիչներով՝

Երաժշտություն - լսողություն, ռիթմի զգացողություն, հիշողություն

Կերպարվեստ - գծագրություն, գունային զգացողություն, գեղագիտական մտածողություն

Պարարվեստ - ֆիզիկական տվյալներ, ռիթմի զգացողություն, պարայնություն

Թատերարվեստ - արտահայտչականություն (արտիստիզմ), ռիթմի զգացողություն, երևակայություն, բեմում ինքնազգացողություն և ազատություն:

նտերակտիվ հաղորդակցություն

Ընդունելության արդյունքների հրապարակումից հետո ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) կարող է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր բողոք, որը բողոքարկման հանձնաժողովը քննարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում և կայացնում վերջնական որոշում՝ դիմորդի կրկնակի ընտրության նպատակահարմարության վերաբերյալ։ Ընդունելության արդյունքների հաստատումից հետո դպրոցի և ծնողի միջև կնքվում է պայմանագիր:

Ավարտական քննություններ

Դպրոցում ծրագրի ամբողջական ավարտից հետո սովորողը մինչև տվյալ տարվա  հունիսի 30-ը հանձնում է ավարտական քննություն, որը կազմակերպվում է ուսումնական տարվա ավարտին և նախատեսված է գնահատելու նրա ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և ստեղծագործական առաջընթացը:

Քննությունների անցկացման վայրն ու ժամանակացույցը հրապարակվում են դպրոցի տեղեկատվական վահանակում, ինչպես նաև պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)՝ քննությունից առնվազն 10 օր առաջ։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար քննությունները կազմակերպվում են անհատական մոտեցմամբ և հարմարեցված պայմաններով՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական, զգայական կամ այլ առանձնահատկությունները։

Ըստ կարգի` հաշմանդամություն ունեցող դիմորդների և սովորողների համար պետք է ապահովվեն մատչելի կրթական միջավայր, ստեղծագործական ունակությունների գնահատման հարմարեցված պայմաններ և անհատական մոտեցում՝ հաշվի առնելով սովորողի առանձնահատկությունները։

Քննությունների կազմակերպման նպատակով դպրոցում ձևավորվում են մասնագիտացված հանձնաժողովներ՝ յուրաքանչյուր ծրագրի կամ առարկայական ուղղվածության համար առանձին։

Քննության արդյունքները գնահատվում են տասը միավորային սանդղակով՝

  • 9, 10 միավոր- գերազանց
  • 6, 7, 8 միավոր- լավ
  • 3, 4, 5 միավոր- բավարար

Անբավարար գնահատական (2 և ցածր) ստացած սովորողին տրվում է կրկնակի քննություն հանձնելու հնարավորություն՝ դպրոցի սահմանած կարգով և ժամկետներում: Քննությունների ընթացքում սովորողին արգելվում է արտաքին օգնություն ստանալ, ինչպես նաև օգտագործել բջջային հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր։ Ավարտական փաստաթուղթ ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները. քննությունը հանձնած են համարվում առնվազն 3 միավոր ստացած սովորողերը։

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական քննությունների անցկացման նոր կարգի հաստատումը բխում է «Կրթության մասին» օրենքի  փոփոխություններից և  դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկից: 

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին