Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին՝ հանրօգուտ բովանդակություն պատրաստելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հանրօգուտ բովանդակությունը, ինչպիսիք են կրթական, մշակութային և մանկական հաղորդումները, մեծ լսարան չեն ապահովում և միաժամանակ պահանջում են զգալի ֆինանսական ռեսուրսներ, ինչի պատճառով հեռուստաընկերությունների համար հաճախ շահավետ չէ դրանց արտադրությունը։                                                                                                                                                    «Լսարան ունեն ցածրորակ սերիալները, շոուները, քաղաքական բանավեճերը, բայց այն մշակութային կամ կրթական հաղորդումները, որոնք կարևոր են հասարակության համար, մեծ լսարան չունեն և պահանջում են մեծ ծախսեր։ Այս պայմաններում, երբ գովազդային եկամուտները նվազում են, հեռուստաընկերություններին բիզնես տեսանկյունից ձեռնտու չէ նման բովանդակություն ստեղծել»,-նշեց Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ անցած տարի օրենսդրորեն սահմանվել է հանրօգուտ բովանդակության ֆինանսավորման հիմնադրամի ստեղծումը, որը հաստատվել է Կառավարության որոշմամբ։ Առաջին փուլում Կառավարությունը հիմնադրամին հատկացրեց 250 միլիոն դրամ։

«Այս գումարը պետք է բաշխվի մոտ 10 հանրային և քաղաքային ծածկույթ ունեցող հեռարձակողների, ինչպես նաև 8 մարզային հեռուստաընկերությունների միջև։ Սա պիլոտային փորձ է»,– ասաց ՀՌՀ նախագահը՝ հավելելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներգրավված են ինչպես պետական, այնպես էլ հանրային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ հատկացվող միջոցների նպատակն է խթանել հատկապես մանկական և կրթական բովանդակության ստեղծումը։

«Հայաստանում մանկական հաղորդումների քանակը կատաստրոֆիկ քիչ է։ Ուսուցողական մուլտֆիլմերը դրսում շատ թանկ են, դրանց ձեռքբերումն ու թարգմանությունը ևս։ Շատ դեպքերում դրանք ցուցադրվում են լուսագրերով,բայց 3-8 տարեկան երեխաները այդ ունակությունը չունեն արագ կարդալու»,-ընդգծեց նա։  

Հակոբյանը հայտնել է, որ մրցույթն արդեն հայտարարված է, և հեռուստաընկերությունները հունվարից ներկայացնում են իրենց առաջարկները։ Նրա խոսքով՝ ծրագրի հաջող իրականացման դեպքում հնարավոր կլինի ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից։

«Եթե այս փորձնական ծրագիրը հաջողվի, նախատեսում ենք ընդլայնել այն նաև FM տիրույթում գործող ռադիոընկերությունների համար, որոնք ևս կարևոր հանրային դեր են կատարում»,-եզրափակեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան