Մերձավոր Արևելք

Գերմանիայի կանցլերը մեկնարկել է շրջագայությունը դեպի Պարսից ծոցի երկրներ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը մեկնարկել է շրջագայությունը դեպի Պարսից ծոցի երկրներ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և նրան ուղեկցող պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն։

Գերմանիայի կանցլերը Ռիադում հանդիպել է թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ։ Բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, համագործակցության ուղղություններն ու դրանց զարգացման հնարավորությունները։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մերցը փետրվարի 4-ից կսկսի իր շրջագայությունը դեպի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում համագործակցության քննարկման նպատակով։

Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ Մերցը հայտարարել էր Պարսից ծոցի տարածաշրջանի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու իր ցանկության մասին՝ հաշվի առնելով դրա «տնտեսական և քաղաքական կարևորությունը»։

«Մեզ նման գործընկերություններն ավելի քան երբևէ անհրաժեշտ են այն ժամանակ, երբ մեծ տերությունները գնալով ավելի են գերիշխում քաղաքականության մեջ»,- հայտարարել էր Մերցը։

Մերցի խոսքով՝ Պարսից ծոցի երկրների հետ գործընկերությունը բացում է դռներ Գերմանիայի համար՝ դիվերսիֆիկացնելու նավթի և գազի մատակարարման շղթաները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում