Միացյալ Նահանգներ

Մոսկվան երախտապարտ է ԱՄՆ-ին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի համար. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան երախտապարտ է ԱՄՆ-ին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի համար. Պեսկով

Մոսկվան երախտապարտ է ամերիկացի բանակցողներին նրանց կողմից Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման ուղղությամբ գործադրվող  ջանքերի համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը պահպանում է  հակամարտության խաղաղ կարգավորմանը բաց լինելու սկզբունքը:

«Մեր դիրքորոշումն առավելագույնս պարզ է, այն լավ հասկանալի է թե՛ Կիևի վարչակարգին և թե՛ ամերիկացի բանակցողներին, որոնք լավ ծառայություններ են մատուցում եռակողմ բանակցությունների անցկացման գործում, և որոնց մենք երախտապարտ ենք նրանց ջանքերի համար», - նշել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նաև նշել է, որ Աբու Դաբիում փետրվարի 4-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկած եռակողմ բանակցությունների առաջին օրվա արդյունքներով Կրեմլը որևէ հայտարարություն չի անի։ Բանակցությունները կշարունակվեն նաև փետրվարի 5-ին։

Անվտանգության շուրջ եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը Աբու Դաբիում: Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում