4 րոպեի ընթերցում
Ավստրիական «GRAWE Group»-ը և «C-Quadrat Investment Group» ներդրումային խումբը ձեռք են բերել «ԼԻԳԱ Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ գործարքը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության և ֆինանսական շուկայի զարգացման տեսանկյունից։
Նրա խոսքով՝ միջազգային հեղինակություն ունեցող ապահովագրական խմբի մուտքը Հայաստանի շուկա կնպաստի ապահովագրական համակարգի զարգացմանը, կխթանի պրոդուկտների դիվերսիֆիկացիան, կուժեղացնի վերապահովագրության ինստիտուտը և հնարավորություն կտա ստանձնել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ապահովագրական բեռը՝ այդ թվում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունների շրջանակում։
«Մենք հաճախ ենք խոսում «TRIPP»-ի, «Խաղաղության խաչմերուկի», տրանսպորտային և կարկո փոխադրումների մասին։ Այս ամենը ավելի դյուրին կդառնա, եթե Հայաստանում արդեն իսկ ունենանք միջազգային հեղինակավոր ապահովագրական ընկերության ներկայություն»,- ասաց Մարտին Գալստյանը՝ շնորհավորելով գործարքի կապակցությամբ։
«GRAWE Group»-ի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Կլաուս Շայթեգելը նշեց, որ Հայաստանի ապահովագրական շուկա մուտքը կարևոր քայլ է խմբի ընդլայնման ռազմավարության շրջանակում։
«Սա մեզ համար կարևոր քայլ է մեր խմբի ընդլայնման առումով, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- ասաց նա։
Շայթեգելի խոսքով՝ «GRAWE Group»-ը նպատակ ունի «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը ինտեգրել իր միջազգային ցանցին և հայկական շուկայում առաջարկել մասնագիտացված ապահովագրական պրոդուկտներ։
«Մենք ցանկանում ենք, որ «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը միանա մեր միջազգային ցանցին, և պատրաստ ենք առաջարկել մասնագիտացված ապահովագրական լուծումներ ապահովագրության տարբեր ոլորտներում»,- նշեց նա։
Նա նաև ընդգծեց համագործակցության կարևորությունը «C-Quadrat» ներդրումային խմբի հետ՝ նշելով, որ Հայաստանում ձևավորվում է երկարաժամկետ և կայուն գործընկերության հիմք։
«C-Quadrat» ներդրումային խմբի գործադիր տնօրեն, խորհրդի անդամ Անդրեաս Վիմմերի խոսքով՝ ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին և ներկայումս գործունեություն է ծավալում աշխարհի 21 երկրում։
«Մոտ 12 տարի առաջ մենք եկանք Հայաստան՝ կարևոր դեր ունենալու կենսաթոշակային համակարգի կայացման գործում, և այդ օրվանից շարունակաբար աշխատում ենք այս շուկայում»,- ասաց նա։
«GRAWE Group»-ը (Grazer Wechselseitige Versicherung) Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն ապահովագրական խմբերից է։ Այն հիմնադրվել է 1828 թվականին Ավստրիայի Գրաց քաղաքում՝ արքայազն Յոհանի նախաձեռնությամբ։ Սկզբնապես մասնագիտանալով հրդեհային ապահովագրության մեջ՝ այսօր GRAWE-ն Ավստրիայում ապահովագրական շուկայի հինգերորդ խոշորագույն խումբն է և ունի դուստր ընկերություններ ու ներկայացուցչություններ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում՝ Սլովենիայում, Խորվաթիայում, Հունգարիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Կիպրոսում։
C-Quadrat ներդրումային խումբը միջազգային ակտիվների կառավարման ընկերություն է, որը Հայաստանում գործում է «C-Quadrat Ampega Armenia» անվանմամբ։ Խումբը հայաստանյան շուկայում ունի ավելի քան 12 տարվա փորձ, կառավարում է հարյուրավոր միլիարդ դրամի ակտիվներ և ներգրավված է կենսաթոշակային ու ներդրումային ծրագրերի իրականացման մեջ։