Գանձակի մշակույթի տան սաները մրցանակներ են նվաճել «ՅՈՒՆԻՎԵՐՍ ԱՐՏ» միջազգային մրցույթ-փառատոնում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի մշակույթի տան «Նկարչություն» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» խմբակների սաների աշխատանքները ներկայացվել են «ՅՈՒՆԻՎԵՐՍ ԱՐՏ» միջազգային մրցույթ-փառատոնում ու արժանացել մրցանակների։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, աշխատանքները ցուցադրվել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ Հայ-ռուսական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն։
Գանձակի մշակույթի տան սաներից Ալիտա Գևորգյանի, Խաչիկ Հարությունյանի և Անգելինա Կարեյանի աշխատանքներն արժանացել են 1-ին, Գագիկ Մկրտչյանի, Մարկ Դանիելյանի աշխատանքները՝ 2-րդ, Կարինա Գևորգյանի, Նարե Պողոսյանի, Մանե Մանուկյանի, Ալիտա Մարգարյանի, Անահիտ Հովհաննիսյանի, Անի Մարտոյանի, Յուրա Մարտիրոսյանի, Լևոն Թաթոսյանի աշխատանքները՝ 3-րդ կարգի մրցանակների։
Խմբակների ղեկավարներն են Անժելա Ալոյանը և Լիանա Թաթոսյանը։