2 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հաջորդ եռակողմ բանակցությունները նախատեսված են փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում։
«Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկումների, և մենք շահագրգռված ենք ապահովել, որ արդյունքները մեզ մոտեցնեն պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 1-ին սոցիալական ցանցերում գրել է Զելենսկին։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դեռևս մեկնաբանություններ չեն արել։
Եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 28-ին հայտարարել էր. «[Բանակցությունները] նախատեսված են փետրվարի 1-ին։ Դե, նախնական, բայց առայժմ մենք ելնում ենք դրանից» (մեջբերում է ՏԱՍՍ-ը)։
Միևնույն ժամանակ, Զելենսկին հունվարի 30-ին խոստովանել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով եռակողմ հանդիպումը կարող է հետաձգվել։
Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փակ դռների հետևում Աբու Դաբիում հունվարի 23-24-ին: ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել բանակցությունների ընթացքում։
Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցությունները բնութագրել էին որպես «դրական» և «կառուցողական», մինչդեռ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել էին, որ «սխալ կլինի նախնական շփումներից որևէ էական արդյունք ակնկալել»։