Երևան

Նորագյուղ թաղամասում նախատեսվում է կառուցել շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար. Ավինյան

3 րոպեի ընթերցում

Նորագյուղ թաղամասում նախատեսվում է կառուցել շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար. Ավինյան

Երևանի Նորագյուղ թաղամասում և հարակից տարածքներում նախատեսվում է իրականացնել լայնածավալ քաղաքաշինական ծրագիր, որի շրջանակում կկառուցվի շուրջ 155 շենք՝ մոտ 65 հազար բնակչի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ ծրագիրը վերաբերում է 83․9 հեկտար տարածքի և կոչված է լուծելու Երևանի համար էական քաղաքաշինական խնդիրներ։

«Այս 83․9 հեկտարի վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մոտավորապես 2-ից 2․5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում՝ շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար։ Եվ այս հատվածը էականորեն ենթադրում է, որ բեռնաթափելու է Երևանի  փոքր կենտրոնը»,– նշեց նա։

Երևանի քաղաքապետը հիշեցրեց, որ դեռևս 2023 թվականին Նորագյուղ թաղամասում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հենց բնակիչներն են առաջարկել ներդրումային ծրագրի իրականացում՝ ենթակառուցվածքային խնդիրները լուծելու նպատակով։

«Թաղամասում բազմաթիվ հարցեր կան՝ կոյուղուց սկսած, ճանապարհների նեղությամբ ավարտած, և ընդհանուր առմամբ բնակիչներն իրենք են առաջարկել նմանատիպ ծրագիր իրականացնել»,– նշեց Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ ծրագրի արդյունքում Նորագյուղի փոխարեն կձևավորվի ժամանակակից թաղամաս՝ բարձրահարկ շենքերով։

Նա նշեց, որ բնակիչներին կտրամադրվի փոխհատուցում՝ իրենց բնակարանների շուկայական արժեքով, ինչպես նաև հավելյալ 30 տոկոս։

«Այս հատվածում մենք ստանալու ենք մի նոր, գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում Երևան քաղաքը կկարողանա լուծել մի քանի կարևոր խնդիր»,– ընդգծեց նա։

Ավինյանի խոսքով՝ ծրագրի արդյունքում գեներացված ֆինանսական միջոցներով նախատեսվում է իրականացնել նաև մի շարք այլ խոշոր նախագծեր։ Մասնավորապես՝ Դալմայի այգիներին հարակից մոտ 250 հա անտառապատ տարածքների ստեղծում, Երևանյան լճի մաքրման աշխատանքներ, ենթակառուցվածքների ամբողջական նորոգում։

Քաղաքապետը շեշտեց, որ ծրագրի ամենակարևոր արդյունքներից մեկը Երևանի փոքր կենտրոնի բեռնաթափումն է։

«Տարբեր ժամանակներում փորձեր են եղել այս ծրագիրը իրականացնել, դեռևս 20-րդ դարի առաջին կեսում կան նախագծեր, որոնք հենց այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց երբևէ կյանքի չեն կոչվել։ Հիմա մենք փաստացի հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը»,-ասաց նա։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում