8 րոպեի ընթերցում
Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես և Հայաստանում ծերացման արագ տեմպերով պայմանավորված՝ տարեց անձանց սոցիալական պաշտպանության ոլորտն էլ ավելի է կարևորվում՝ մշտապես գտնվելով պետության առաջնային ուշադրության կենտրոնում։ Խնամքի ծառայությունների համակարգային բարեփոխումները միտված են տարեց անձանց կյանքի որակի բարձրացմանը, նրանց համար առողջ, ակտիվ ու արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու ներուժի ավելացմամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը նշեց, որ 2025 թվականի նոյեմբերի 14-ին ընդունվել է ՀՀ կառավարության որոշում, որով հաստատվել են տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ձևերը, կարգերը և պայմանները։ Նոր մոտեցումների գլխավոր նպատակը խնամքի ծառայությունների որակի լավարկումն է, վերջիններիս հասցեականության և մատչելիության ապահովումը:
Այսպիսով, խնամք հնարավոր է ստանալ տնային պայմաններում, ցերեկային կենտրոններում, շուրջօրյա խնամքի հաստատություններում և համայնքային փոքր տներում։ Վերոնշյալ խնամքի ծառայությունների տրամադրման նպատակով անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն՝ ըստ բնակության վայրի: Խնամքի ծառայությունների տրամադրումն իրականացվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից տրված ուղեգրի հիման վրա:
Տարեցների ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը ներկայում միտված է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացմանը, այլընտրանքային խնամքի ծառայությունների և համայնքահեն խնամքի խթանմանը։
Առաջիկա տարիներին ոլորտի զարգացման համար սահմանված են հետևյալ մարտահրավերները.
1) պետական միջոցների շրջանակում շահառուներին` ըստ նրանց գնահատված անհատական սոցիալական կարիքների մատուցվող խնամքի և սոցիալական այլ ծառայությունների շարունակականության ապահովում` խրախուսելով ծառայությունների պատվիրակումը մրցութային եղանակով ընտրված հասարակական կազմակերպություններին, խրախուսելով նաև մասնավոր կազմակերպությունների մուտքը սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ, ինչի արդյունքում կձևավորվի մրցակցային միջավայր, կներդրվեն ֆինանսավորման տարբեր նոր մոդելներ, կխթանվի սոցիալական ծառայությունների բազմազանությունը և կբարելավվի որակը։
2) շահառուներին մատուցվող բոլոր ծառայությունների որակի բարելավում, ընդլայնում և ներդնում հանրապետության ողջ տարածքում։
3) համայնքահեն ծառայությունների ընդլայնում` ներգրավելով համայնքների ներուժը։
4) ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում` վերը նշված գործընթացների իրավական կարգավորումներն ապահովելու նպատակով:
Ներկայում շրջանառության մեջ է գտնվում խնամքի ծառայությունների տրամադրման նոր չափորոշիչների նախագիծը, որը նախատեսվում է գործարկել 2028 թվականից։ Նոր չափորոշիչները պարտադիր են լինելու ոլորտում գործող բոլոր կազմակերպությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից կամ ֆինանսավորման աղբյուրից։
Չափորոշիչների լավարկման արդյունքում կընդլայնվի ծառայություն մատուցող մասնագետների շրջանակը՝ ներառելով նաև այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են հատուկ մանկավարժը, կինեզիստը, էրգոթերապիստը, ինչը կնպաստի սոցիալ-վերականգնողական գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, կավելացվի խնամքի ծառայությունների տրամադրման հաճախականությունն ու տևողությունը: Այսպես օրինակ՝ մշտական անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար նախատեսվում է տնային պայմաններում խնամքի ծառայությունների տրամադրում 8-12 ժամ տևողությամբ: Շուրջօրյա խնամքի հաստատություններում բարելավվում են նաև սննդի չափորոշիչները՝ անհատականացված մոտեցման ապահովմամբ՝ հաշվի առնելով տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց սննդակարգային առանձնահատկություններն ու դիետիկ սննդի կարիքները։
«Ներկայում շրջանառման մեջ է գտնվում սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգն ու պայմանները հաստատող իրավական ակտը: 2028 թվականից խնամքի ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ֆինանսավորման աղբյուրից, հավաստագրումը պարտադիր բնույթ է կրելու: Նոր մշակված չափորոշիչները ևս վերաբերելի են լինելու խնամք տրամադրող բոլոր սուբյեկտներին՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի, խնամքի ծառայությունների տրամադրման ընթացակարգերն էլ իրականացվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված միասնական ձևաթղթերով՝ բերելով գործընթացների ստանդարտացման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է խնամքի ծառայությունների տրամադրման աշխատանքների օպտիմալացման ու արդյունավետության բարձրացմանը»,- ասաց տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը:
Ապաինստիտուցիոնալացման քաղաքկանության շրջանակում մշակվել և շրջանառության մեջ է դրվել տարեցների խնամատարությունը որպես խնամքի նոր ձև սահմանող իրավական ակտը։ Տարեցների խնամքը խնամատար ընտանիքներում ևս մի քայլ է լինելու՝ ուղղված ապաինստիտուցիոնալացման խթանմանը, այլընտրանքային խնամքի ծառայությունների և համայնքահեն խնամքի զարգացմանը: Հարկ է նշել, որ մեկնարկել են նաև խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի կազմման աշխատանքները:
Տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականության շրջանակում հիմնաքարային է ակտիվ երկարակեցության հայեցակարգը: Պատահական չէ, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ հաստատված՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության համատեքստում առանձնակիորեն կարևորվել է ակտիվ երկարակեցությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Վերոնշյալ ռազմավարությունից բխող ծրագրերը ուղղված են լինելու տարեցների զբաղվածության խթանմանը՝ նպաստելով ավագ սերնդի ներկայացուցիչների ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ պոտենցիալի կայուն և երկարատև իրացմանը՝ դրանով իսկ նպաստելով ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակցի նվազմանը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեցների թիվը հասնում է շուրջ 540 հազարի։ Իրականացվող բարեփոխումների նպատակն է տարեցներին դիտարկել ոչ միայն որպես խնամքի կարիք ունեցող անձինք, այլ նաև որպես փորձառու և մեծ ներուժ ունեցող քաղաքացիներ՝ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունը երկրի սոցիալ- տնտեսական կյանքին։
«Մեր նպատակն է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտի նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործման և շարունակական լավարկման միջոցով ապահովել որակյալ և մատչելի խնամք բոլոր տարեց անձանց համար, խթանել ակտիվ երկարակեցությունն ու համայնքահեն խնամքի ծառայությունների ընդլայնումը»,- եզրափակեց Սոնա Բարսեղյանը։
Լուսինե Ջալալյան