Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է Պետրա Բայրին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ խորհրդանշական է, քանի որ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ՝ ընդգծելով ժողովրդավարական զարգացման ճանապարհին ԵԽ հետ ունեցած փոխգործակցության կարևորությունը։

«Հայաստանը ժողովրդավարություն է, և սա այլևս անդառնալի գործընթաց է, քանզի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ չնայած զանազան մարտահրավերներին», - հավելել է նախարար Միրզոյանը։

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարական փոխգործակցության կարևորությունը, ինչի վկայությունն է ԵԽԽՎ հարթակում ՀՀ պատվիրակության անդամների ակտիվ ներգրավվածությունը։

Արարատ Միրզոյանը և Պետրա Բայրը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը։

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում ԵԽԽՎ կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում