Մշակույթ

Երեսունհինգ տարվա սպասումից հետո Համազգայինը սեփական շենքն ունի. թատրոնն իր դռները կբացի նոր ներկայացմամբ

5 րոպեի ընթերցում

Երեսունհինգ տարվա սպասումից հետո Համազգայինը սեփական շենքն ունի. թատրոնն իր դռները կբացի նոր ներկայացմամբ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը երեսունհինգ տարի շարունակ իր յուրահատուկ, ինքնատիպ թատերական ձեռագրով հանդես է եկել տարբեր հարթակներում՝ չունենալով սեփական շենքը։ Թատրոնի ստեղծագործական կազմը երբեք չի ընկճվել, չի հանձնվել՝ վստահ լինելով, որ կգա այն երջանիկ օրը, երբ հավատարիմ հանդիսատեսին կընդունի հենց Համազգային թատրոնի համար նախատեսված շենքում։

Պետական և մասնավոր կառույցների աջակցությամբ ի վերջո թատրոնն ունի շենք, որը Անրի Վեռնոյ  3 հասցեում է։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համազգայինը շենքի բացումը կազդարարի հունվարի 23-ին Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղով, որի ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։

Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի խոսքով՝ շենքը կառուցվել է տարբեր հովանավորների, ՀՀ կառավարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ջանքերով։

«Շենքի բացումը փուլային տարբերակով է իրականացվում։ Որոշել էինք սկզբում կառուցել այն հատվածը, որն անհրաժեշտ է թատրոնի բնականոն գործունեության համար, իսկ ժամանակի ընթացքում բարելավումներ կլինեն։ Դեռ աշխատանքներ կան, բայց պատրաստ ենք ընդունել մեր սիրելի հանդիսատեսին»,-ընդգծեց նա։

Նոր շենք տեղափոխվելու ընթացքում էլ թատրոնը չի դադարեցրել գործունեությունը. շրջագայել է Հայաստանում և երկրի սահմաններից դուրս, բազմաթիվ մարզային ծրագրեր է իրականացրել, մասնակցել է միջազգային և հանրապետական փառատոնների։ Ավելի քան 20 հազար հանդիսատես է ունեցել մարզերում։ Թատերախումբը եղել է Մեղրիում, Բերդում, Կապանում, Սիսիանում և այլուր։

Արտերկրում Նարինե Գրիգորյանի «Փափլիկը» ներկայացմամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում, որտեղից հրավեր է ստացել մեկնելու Թունիս, այնուհետև՝ Նովոսիբիրսկ, իսկ հունվարի 25-ին թատերախումբը կմեկնի Հնդկաստան՝ այնտեղ ներկայացնելու «Փափլիկը»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հունվարի 23-ը պատմական օր համարեց՝ նշելով, որ մեծ ակնկալիքներ ունեն Համազգային թատրոնից։

«Հպարտությամբ եմ ասում, որ մեր կառավարության օրոք թատրոն է բացվում։ Այդ իրադարձությունը ոչ միայն թատերական ոլորտին է ուրախություն բերում, այլև  հասարակությանը, երկրին։ Թատրոն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի կամ կրթական օջախներ բացելով ենք մեր երկիրը զարգացնում, պետությունն ամրացնում։ Պետությունը մեծ ներդրումներ արեց թատրոնի թե՛ շինարարական աշխատանքներում, թե՛ նյութատեխնիկական համալրման մեջ»,-ասաց Դանիելյանը։

Նա վստահեցրեց՝ թատրոնում հրաշալի պայմաններ են ստեղծվել նոր շնչով ստեղծագործելու համար։ Կան տարբեր հարթակներ, որոնք կծառայեն ոչ միայն ներկայացումների, այլև մշակութային այլ միջոցառումների համար։

Նարինե Գրիգորյանը ոգևորված էր և հուզված։ Նա հիշեցրեց, որ 1991 թվականին Սոս Սարգսյանն ու Հրաչյա Գասպարյանն իրենց շուրջ են համախմբել մի խումբ դերասանների և թատրոն ստեղծել։ Թատրոնը գործել է Ժուռնալիստների միությունում։ «Թատրոնի բացման օրը նույնպես ձյուն էր գալիս։ Կա տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են թատրոնի ներկայացուցիչները վառարանի մոտ կանգնած ասում, որ այսօր իրենց տանկն էլ կրակեց։ Հիշո՞ւմ եք՝ այդ տարիները որքան ծանր էին Հայաստանի համար։ Հանգամանքների բերումով հետո թատրոնը տեղափոխվեց Գրողների միություն, այնտեղից՝ Թատերական ինստիտուտ։ Այդպես դեգերում էր անվերջ, և այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է»,-պատմեց Գրիգորյանը։

Նորակառույց շենքում ստեղծագործական կազմը հանդես կգա երեք առաջնախաղով՝ Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», Սիմոն Աբգարյանի «Պենելոպե», «Քարը»՝  հիմնված Երվանդ Քոչարի ստեղծագործությունների վրա։

Թատրոնի խաղացանկի սիրված ներկայացումներն էլ ժամանակի ընթացքում ադապտացվելու են։

ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրելու նպատակով ընդհանուր առմամբ ավելի քան 275 մլն դրամ հատկացում է արվել, որից 205 մլն դրամը գույքի և սարքավորումների ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:

Թատրոնն ունի երկու դահլիճ՝ մեծ և փոքր, սակայն նախատեսում են «գրավել» շենքի ամբողջ տարածքը՝ ներկայացումներ բեմադրելով համապատասխան բոլոր հատվածներում։ Մեծ դահլիճն ունի 225 տեղ, սակայն մեկ շարք ավելացվելու է։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում