Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի միջոցով Հայաստանում սոցիալական գործընկերությունը դրվում է որակապես նոր հիմքերի վրա

8 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև հունվարի 23-ին ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված պայմանագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում նշեց, որ տվյալ փաստաթուղթը ևս մեկ կարևոր քայլ է սոցիալական գործընկերների հետ համակարգված և փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

«Փաստաթղթի առանցքային նպատակն աշխատողների և գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանությունն է, ինչպես նաև վստահելի ու արդյունավետ երկխոսության կառուցումը։ Կառավարության և սոցիալական գործընկերների հետ հանրապետական մակարդակում ֆորմալ համագործակցության սկիզբը դրվել է դեռ 2009 թվականի ապրիլի 27-ին՝ Հանրապետական առաջին կոլեկտիվ պայմանագրի կնքմամբ։ Ավելին, ՀՀ-ն 1992 թվականից անդամակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը (ԱՄԿ), և այս պայմանագրի ստորագրումը լիովին համահունչ է ԱՄԿ-ի կոնվենցիաներին, ինչպես նաև «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության» համաձայնագրի սկզբունքներին, որոնք սահմանում են խորհրդատվությունների և բարեփոխումների գործընթացում սոցիալական գործընկերների ներգրավումը»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը հավելեց, որ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացումը և աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների շարունակական բարելավումը նաև Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է։

«Լիահույս ենք, որ այս պայմանագրի և դրա շրջանակում ձևավորված հանրապետական եռակողմ հանձնաժողովը կլինի ևս մեկ հարթակ, որը հնարավորություն կտա համապարփակ քննարկել սոցիալ-աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև այդ ուղղությամբ գտնել փոխհամաձայնեցված լուծումներ՝ ազգային ծրագրերին և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Ակնկալում ենք, որ այս պայմանագրի շրջանակում ևս կունենանք արդյունավետ համագործակցություն, իրական և շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշխատողների ու գործատուների շահերի պաշտպանությանը և մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասաց Թորոսյանը։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից Էլեն Մանասերյանը նշեց, որ սոցիալական գործընկերությունը պետության, գործատուների և աշխատողների միջև ոչ միայն համագործակցության ձևաչափ է, այլև՝ կայուն զարգացման, սոցիալական արդարության, արժանապատիվ աշխատանքի երաշխիք։

«Այս պայմանագիրը վկայում է կողմերի ընդհանուր պատրաստակամության մասին՝ կառուցելու փոխվստահության, երկխոսության ու պատասխանատվության վրա հիմնված աշխատանքային հարաբերություններ։ Մեր կոնֆեդերացիան մշտապես հանդես է գալիս աշխատողների իրավունքների պաշտպանության, սոցիալական երաշխիքների ամրապնդման, աշխատաշուկայի արդիականացման օգտին։ Այս պայմանագիրը ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղություններով՝ նպաստելով աշխատանքի անվտանգության բարձրացմանը, արժանապատիվ վարձատրությանն ու սոցիալական կայունությանը»,- ասաց Մանասերյանը։

Նա տեղեկացրեց, որ բավականին երկար ժամանակ փաստաթղթի ձևավորման ընթացքում տեղի են ունեցել հանգամանալից քննարկումներ։ Ըստ նրա՝ բոլոր կողմերն էլ գիտակցում են պայմանագրի կարևորությունը, քանի որ այն միտված է կայուն, զարգացած Հայաստան ունենալուն։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ սույն փաստաթուղթը ՀՀ-ում սոցիալական գործընկերությունը դնում է որակապես նոր հիմքերի վրա։

«Համատեղ որդեգրած ուղին համահունչ է միջազգային լավագույն չափանիշներին և վայելում է ԱՄԿ-ի լիակատար աջակցությունը։ Այս ռազմավարական կարևոր փաստաթուղթը վկայում է նաև փոխադարձ վստահության ու կառուցողական երկխոսության մասին։ ՀՀ կառավարության մասնակցությունը փաստում է, որ պայմանագրում ամրագրված դրույթները ոչ թե մեկ  գերատեսչության, այլև ողջ գործադիր իշխանության հանձնառությունն է բիզնեսի ու աշխատողների առջև։ Սա լուրջ երաշխիք է գործատուների համար, որովհետև մեր կողմից բարձրացված հարցերը կստանան համակարգային լուծումներ կառավարության բոլոր մակարդակներում»,- ասաց Համբարձումյանը։  

Նրա դիտարկմամբ՝ սույն պայմանագրով ամրագրվում է ինստիտուցիոնալ երկխոսության արդյունավետ մոդելը, ստեղծվում է հանրապետական եռակողմ հանձնաժողով, որտեղ գործատուների միությունը ստանում է իրական  ու ազդեցիկ լծակներ։

«Այսուհետ աշխատանքային իրավունքին ու դրա հետ կապված բիզնես աշխարհին առնչվող ցանկացած օրենսդրական նախագիծ պետք է անցնի նշված հանձնաժողովի փորձաքննությունը։ Մենք հնարավորություն ենք ստանում Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին Կառավարության որոշմամբ և սահմանված կարգով մասնակցել նախարարական կոմիտեների նիստերին ու նախարարներին կից հասարակական խորհուրդներին, ինչը թույլ կտա գործատուի ձայնը հնչեցնել որոշումների կայացման ամենաբարձր մակարդակում»,- ասաց Համբարձումյանը։

Նա հավելեց, որ ցանկացած գործատուի համար տնտեսական հաջողության հիմքը կանխատեսելիությունն է, ուստի տվյալ պայմանագիրը սահմանում է խաղի հստակ կանոններ, որոնք ուղղված են սոցիալական արդարության ապահովմանը և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը միջազգային չափանիշներին համապատասխան։

«Միասին մշակելու ենք աշխատավարձերի ինդեքսավորման մեխանիզմներ, աջակցելու ենք աշխատանքային վեճերի արտադատական լուծմանը և գործատուի վճարունակության դեպքում իրավունքների պաշտպանությանը։ Սա երաշխիք է, որ ցանկացած փոփոխություն կլինի հավասարակշռված և չի վնասի բիզնեսի կայունությանը։ Մեր տեսլականը միտված է տնտեսական զարգացմանն ու առաջընթացին, հետևաբար, պարտավորվել ենք խթանել գիտելիքահեն նորարարական տնտեսությունը և թվային տեխնոլոգիաների ներդրումը աշխատավայրերում։ Կարևորում ենք նաև կրթությունը։ Սա է այն ճանապարհը, որի միջոցով կկառուցենք մրցունակ տնտեսություն և կապահովենք մարդկային կապիտալի շարունակական զարգացումը»,- եզրափակեց Համբարձումյանը։

Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Էմանուել Ժուլիենն առցանց տարբերակով իր ուղերձը հղեց միջոցառման մասնակիցներին։

Նա բարձր գնահատեց կողմերի միջև կատարված համատեղ աշխատանքը, հավաստիացրեց, որ Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագիրն, ըստ էության, ռազմավարական, սոցիալական կարևոր հենք ունեցող փաստաթուղթ է և հավաստիացրեց, որ այն հնարավորություն կտա բազմաթիվ քննարկումների արդյունքում սահմանված նպատակների իրականացմանը։ Էմանուել Ժուլիենը վստահեցրեց, որ ԱՄԿ-ն կշարունակի աջակցել հայկական կողմին՝ նպաստելով տվյալ ոլորտում մասնագիտացված պետական կառույցների ու հանրային կազմակերպությունների համատեղ ծրագրերին։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա