Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների գլխավոր թեման վերաբերում է Դոնբասին
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների առաջին եռակողմ հանդիպման հիմնական թեման տարածքային զիջումներն են լինելու։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Դոնբասի հարցը գլխավորն է։ Այն կքննարկվի և կքննարկվի այն ձևաչափերով, որոնք տեսնում են երեք կողմերը։ Աբու Դաբիում՝ այսօր և վաղը», - լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ նա հունվարի 23-ի գիշերը և առավոտյան խոսել է բանակցային թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։
«Նա կաշխատի և ցանկացած զրույցի կամ համաձայնագրի յուրաքանչյուր փուլում ինձ կտա համապատասխան ազդանշաններ։ Մենք դրանք կկիսենք ձեզ հետ»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը Դավոսում հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը որակել է դրական։ Նա ասել է, որ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։
«Դրանք իսկապես պատրաստ են։ Եվ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», - ասել է Զելենսկին։
«Կլինեն բազմաթիվ տեխնիկական մանրամասներ, և այս փաստաթղթի հիման վրա կհայտնվեն լրացուցիչ փաստաթղթեր, բայց անվտանգության երաշխիքների վերաբերյալ գլխավոր, հիմնարար համաձայնագիրն արդեն իսկ գոյություն ունի», - հավելել է նա։
Զելենսկին սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անվտանգության երաշխիքների համաձայնագրի ստորագրման ամսաթվին և վայրին։
«Դա նրանից (Թրամփից) է կախված։ Մենք պատրաստ ենք ստորագրել մեզ համար այդքան կարևոր փաստաթուղթ, ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ վստահ եմ, որ այն պատմական է», - շարունակել է նա։
Զելենսկին նաև ավելացրել է, որ Ուկրաինայի բարգավաճման հետ կապված փաթեթը, որը ներառում է մի քանի փաստաթուղթ, նույնպես քննարկվել է։
«Դրանք դեռ պատրաստ չեն, բայց մենք տեսնում ենք դրական արդյունքով ապագա», - շեշտել է Զելենսկին։
Գիշերը ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ամերիկյան պատվիրակությանը, որի անդամներն այնուհետև մեկնել են Աբու Դաբի՝ ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա աշխատանքային խմբերի եռակողմ բանակցությունների։