Այս տարի իրականացվելու են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված համալիր քայլեր. էկոնոմիկայի նախարարություն
4 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված մի շարք միջոցառումներ:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը:
Նա նշեց, որ արտահանման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեսլականը միտված է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի խթանման միջոցով բնակչության բարեկեցության աճին և տնտեսության կայուն զարգացմանը նպաստելուն: Այս ուղղությամբ նախատեսվում է իրականացնել համալիր քայլեր:
«Տեսլականի իրագործման համար սահմանվել են ռազմավարական հինգ նպատակներ, որոնցից մեկն արտաքին շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացումն է՝ հնարավորությունների ընդլայնման, դիմակայունության և կենսունակ տնտեսական միջավայրի համար ամուր հիմքեր ստեղծելու միջոցով: Այդ նպատակով 2026 թվականին նախատեսված են մի շարք միջոցառումներ:
Նախատեսվում է իրականացնել արտահանման առավելության բարձրացման նախաձեռնություն՝ արտերկրում B2B (բիզնեսը բիզնեսին) ձևաչափով ցուցահանդեսների համակարգումը, կազմակերպումը և համաֆինանսավորումը բարելավելու նպատակով:
Երկրորդ՝ խթանել ընտրված արտահանման շուկաների մասին (բացի ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից) շուկայական հետազոտությունների ձեռքբերումը (մատակարարման շղթաների, գործընկեր երկրների ներկայացուցիչների, շուկայի առանձնահատկությունների, առևտրի կանոնակարգերի, արտադրանքի բնութագրերի և կարիքների վերաբերյալ) միջազգային հետազոտական ընկերություններին դրանց արտապատվիրման միջոցով: Այդ ընկերություններին կառաջարկվի շուկայական հետազոտության արժեքի հետվճարի խթան՝ 30 տոկոս անհատական շուկայական հետազոտությունների և 50 տոկոս՝ օմնիբուս շուկայական հետազոտությունների դեպքում:
Երրորդ՝ տրամադրել ֆինանսական աջակցություն փոխադարձ այցելությունների իրականացման համար՝ թիրախային շուկաներում հավանական գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար՝ համաֆինանսավորելով այցելության ծախսերի մինչև 40 տոկոսը:
Չորրորդ՝ ուսումնասիրել և տրամադրել առանցքային ապրանքներին վերաբերող միջազգային ցուցահանդեսների ամբողջական ցուցակ:
Հինգերորդ՝ բանակցել շուկայի հետազոտությամբ և խորհրդատվությամբ զբաղվող «Իփսոս» հանրահայտ ընկերության հետ՝ Հայաստանը «Anholt Ipsos Nation Brands Index»-ում (գործիք, որը կառավարություններին, կազմակերպություններին և բիզնեսին օգնում է հասկանալ, չափել և վերջնարդյունքում ստեղծել ուժեղ ազգային կերպար և հեղինակություն - խմբագրություն) ներառելու ուղղությամբ:
Վեցերորդ՝ ձևավորել հատուկ ձեռնարկություններ պետություն-մասնավոր հատված գործընկերության մոդելի հիման վրա՝ հովանոցային բրենդներ ստեղծելու և միջազգային շուկաներում դրանց առաջխաղացման համար՝ պահպանելով որակի միասնական չափանիշներն ու տարբերակումը, ինչպես նաև պահպանելով Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջները»,- նշեց մեր զրուցակիցը:
Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունն առավել հրատապ է դարձել վերջին տարիներին: Պետական պատկան կառույցների ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել այս հարցում վճռականություն դրսևորելու և գործուն քայլեր կատարելու մասին:
