Ռյուտեն ռեկորդային է անվանել Գերմանիայի սպառազինության ծախսերը
1 րոպեի ընթերցում

Գերմանիան զինվում է ռեկորդային տեմպերով. եթե 2021 թվականին երկիրը սպառազինության վրա ծախսել է 70 միլիարդ եվրո, ապա 2029 թվականին այդ թիվը կաճի գրեթե 2,5 անգամ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Ուկրաինայի շուրջ պանելային քննարկմանը։
«Գերմանիան 2021 թվականին պաշտպանության համար 70 միլիարդ եվրո է ծախսել իր տարեկան բյուջեից, բայց 2029 թվականին այդ թիվը կհասնի 160 միլիարդ եվրոյի», - հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Գերմանիայում «ռեկորդային տեմպերով» ստեղծվում են նոր ռազմական գործարաններ, մասնավորապես, 155 մմ տրամաչափի հրետանային զինամթերքի համար։
«Գերմանիան մտադիր է զանգվածաբար մեծացնել իր զինված ուժերի թվաքանակը։ Եվ ոչ միայն Գերմանիան, այլև Եվրոպայի մյուս երկրները», - հայտարարել է Ռյուտեն՝ հավելելով, որ Եվրոպայի պետություններն, իր կարծիքով, «դեռևս բավականաչափ զենք չեն մատակարարում Ուկրաինային»: