Այս տարի ակնկալվում է Կառավարության պարտքի սպասարկման ծախսերի պլանավորածից ավելի ցածր մակարդակ. Վահե Հովհաննիսյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության պարտքի սպասարկման ծախսերը 2026 թվականին, հավանաբար, նախատեսվածից քիչ կլինեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 21-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի պլանավորվածից ավելի ցածր մակարդակ: Այսինքն, 2026 թվականի բյուջեով պարտքի սպասարկման համար նախատեսված գումարն, ամենայն հավանականությամբ, ավելի ցածր մակարդակի կլինի: Սա պայմանավորված է շուկայի դրական զարգացումներով ոչ միայն միջազգային շուկաներում, այլև՝ Հայաստանում: Օրինակ, եթե 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9.6 տոկոս տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդով այս նույն տոկոսադրույքը եղել է 8.09: Սա շատ դրական փոփոխություն է, որը, իհարկե, մի կողմից պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանի նկատմամբ շարունակում են հետաքրքրություն դրսևորել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք մասնակցում են նաև մեր տեղական աճուրդներին՝ դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա: Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել ենք. որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստանում օտարերկրյա ներդրողների ներգրավման նպատակով, և սա, ըստ էության, տեղի է ունենում: Այս պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը հասել է ավելի քան 7 տոկոսի: Նախկինում դա նույնիսկ 1 տոկոսից էլ ցածր էր»,- նշեց նախարարը: