Գեղարքունիքի մարզում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ընթանում է 2025-2026 թվականների ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզպետի որոշմամբ հաստատվել է օլիմպիադայի անցկացման կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների կազմերը, օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը և անցկացման վայրը։
Օլիմպիադայի մարզային փուլը մեկնարկել է հունվարի 14-ին։ Առաջին օրն իրենց գիտելիքներն է ստուգել ռուսաց լեզու առարկայից երաշխավորված 84 դպրոցական։ Հունվարի 16-ին էլ օլիմպիադայի մարզային փուլին մասնակցում է քիմիա առարկայի մասով երաշխավորված 79 դպրոցական։
Հունվարի 19-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում հաղթած դպրոցականները մարզային փուլին կմասնակցեն մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա, հայ գրականություն, աստղագիտություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա, կենսաբանություն, պատմություն, օտար լեզուներ, ՆԶՊ և մայրենի առարկաների մասով։
Առարկայական օլիմպիադայի մարզային փուլն անցկացվում է Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։
2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները կամփոփվեն 2026 թվականի փետրվարի 12-ին։ Լավագույն արդյունք ապահոված դպրոցականները օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու երաշխավորություն ձեռք կբերեն։