Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է համաձայնեցված շրջանակում ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է համաձայնեցված շրջանակում ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը․ Փաշինյան

Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը․ համաձայնեցված շրջանակում մենք պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք այդ ուղղությամբ՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու հարցում այն սկզբունքներով, որոնց մասին բազմիցս խոսել ենք։ Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ ևս պետք է դուրս գանք հակամարտության տրամաբանությունից և անցնենք նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի և մտածողության»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ գործընթացը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում արագ չի լինելու, քանի որ հասարակություններում դեռ պահպանվում են երկար տարիների հակամարտությամբ ձևավորված խոսույթներ։

Նա օրինակ բերեց վառելիքի ներմուծման շուրջ շրջանառվող հայտարարությունները, երբ երկու կողմերում էլ հնչում են փոխադարձ մեղադրանքներ՝ իբր վառելիքը օգտագործվելու է ռազմական նպատակներով։

«Մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում առկա խոսույթը այլևս չի համադրվում այսօրվա իրողությունների հետ, և ես հենց սա նկատի ունեմ։ Միևնույն ժամանակ,  մարդկանց մեղադրելը ևս ճիշտ չէ, որովհետև այն տրամաբանությունը, որը շուրջ 35 և ավելի տարիներ պտտվել է, հնարավոր չէ կանգնեցնել մեկ գործողությամբ կամ մեկ լծակով, մեկ արգելակով։ Հետևաբար պետք է տրամադրվենք ավելի գործնական մոտեցման, կենտրոնանանք աշխատանքի վրա, քանի որ խաղաղության գործնական օգուտները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քան տարբեր թեզերի, կասկածների կամ մարտահրավերների շուրջ անվերջ բանավեճերը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Կառավարության անդամներին, ինչպես նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներին ու պետական բոլոր մարմիններին՝ այս ընթացքում ցուցաբերած աջակցության և աշխատանքի համար, որը, նրա խոսքով, հնարավոր է դարձրել ներկայիս հանգրվանին հասնելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում