Հայաստան

Արտգործնախարարի տեղակալը մասնակցել է Կանանց հարցերի խորհրդի աշխատանքային խմբի նիստին

3 րոպեի ընթերցում

Արտգործնախարարի տեղակալը մասնակցել է Կանանց հարցերի խորհրդի աշխատանքային խմբի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել Կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից, հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը գենդերային հավասարության խթանման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ընդգծելով ոլորտում առկա կարևոր ձեռքբերումները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից հաստատված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գործողությունների երրորդ ազգային ծրագրի ընդունմանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի ձևավորմանը։

Գենդերային հավասարության խթանմանն ուղղված ջանքերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական ակտիվ և կառուցողական համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում միջազգային մեխանիզմների և մարմինների հետ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ տարածաշրջանային կառույցների շրջանակներում։ Այս համատեքստում ներկայացվել են առաջիկա գործընթացները՝ կարևորելով 2026թ. առաջին կիսամյակում նախատեսվող երկու միջազգային մոնիտորինգային մարմինների այցելությունները Հայաստան՝ գենդերային հավասարության ոլորտում քաղաքականության կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման տեսանկյունից։

Ռոբերտ Աբիսողոմյանն անդրադարձել է նաև 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին՝ շեշտելով դրա շրջանակներում կանանց մասնակցության և առաջնորդության խթանման կարևորությունը։ Ընդգծվել է բնապահպանության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր մակարդակներում կանանց և աղջիկների լիարժեք ներգրավվածության ապահովման կարևորությունը՝ որպես Հայաստանի կայուն և ներառական զարգացման բաղադրիչ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում