Գրենլանդիայի զավթումն ԱՄՆ-ի կողմից կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը. եվրահանձնակատար
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի ռազմական զավթումը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Գրենլանդիայի վրա, որը ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կազմում է, ապա դա կլինի ՆԱՏՕ-ի վերջը։
«Ես համաձայն եմ Դանիայի վարչապետի հետ այն հարցում, որ դա (խմբ․՝ Գրենլանդիայի ռազմական զավթումը) կլինի ՆԱՏՕ-ի վերջը, բայց և մարդկանց համար դա շատ բացասական հետևանքներ կունենա», - ասել է եվրահանձնակատարը Reuters-ին Շվեդիայում անցկացվող անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության մասին: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ կղզու շուրջ չինական և ռուսական նավեր են: Թրամփը հայտարարել է, որ խոսքը Գրենլանդիայի կարճաժամկետ վարձակալության մասին չէ, այլ դանիական տարածքը ձեռք բերելու: Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն դա չանի, ապա Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն: