Եվրոպա

Վենեսուելան ազատ է արձակել ավելի քան մեկ տարի ազատազրկման մեջ գտնվող երկու իտալացիների

2 րոպեի ընթերցում

Վենեսուելան ազատ է արձակել ավելի քան մեկ տարի ազատազրկման մեջ գտնվող երկու իտալացիների

Վենեսուելան բանտից ազատ է արձակել Իտալիայի երկու քաղաքացիների՝ Ալբերտո Տրենտինիին և Մարիո Բուրլոյին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունվարի 12-ին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին՝ հավելելով, որ Հռոմից ինքնաթիռ է մեկնել նրանց տուն բերելու նպատակով։

Վենետիկից բարեգործական կազմակերպության աշխատակից Տրենտինին ամենահայտնին էր Վենեսուելայի բանտերում պահվող ավելի քան 20 իտալացիների շարքում։

Վենեսուելայի ղեկավարությունը հունվարի 8-ին հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում ազատ է արձակելու զգալի թվով բանտարկյալների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների։

«Ես ուրախությամբ և գոհունակությամբ եմ ողջունում մեր հայրենակիցներ Ալբերտո Տրենտինիի և Մարիո Բուրլոյի ազատ արձակումը, նրանք այժմ անվտանգ են Կարակասում գտնվող Իտալիայի դեսպանատանը», - ասել է Մելոնին հայտարարության մեջ։

Նա շնորհակալություն է հայտնել Վենեսուելայի իշխանություններին՝ մասնավորապես ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին «վերջին օրերին ցուցաբերած կառուցողական համագործակցության համար»։

Տրենտինին ձերբակալվել է 2024 թվականի նոյեմբերին իր վենեսուելացի վարորդ Ռաֆայել Մաչադոյի հետ։ Նա աշխատում էր հաշմանդամություն ունեցող անձանց օգնությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունում։

Թուրինից գործարար Բուրլոն նույնպես ձերբակալվել է 2024 թվականի նոյեմբերին և պահվել Տրենիտինիի հետ նույն բանտում։

Անցյալ շաբաթ ազատ են արձակվել Իտալիայի ևս երկու քաղաքացիներ՝ լրագրող Բիաջիո Պիլիերին և գործարար Լուիջի Գասպերինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում