Տիգրան Ավինյանը դժգոհել է ձնամաքրման ուղղությամբ վարչական շրջանների կատարած աշխատանքից
4 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական մայրաքաղաքի վարչական շրջանների՝ ձնամաքրման ուղղությամբ կատարած աշխատանքից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետն ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
«Մեր վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ։ Դժգոհ եմ մի քանի պատճառներով։ Առաջին հերթին մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, որոնք պարտականություն ունեն իրենց տարածքների դիմաց ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու, այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն։ Ի՞նչն է հիմքը, որ կարող եմ սա պնդել, որովհետև մենք ունենք վարչական շրջաններ, որոնք բացարձակապես որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում։ Դրանք 4-5-ն են, և չկա դրան բացատրություն։ 2 օր առաջ Կիևյան փողոցում եղբորս հետ դուրս եմ գալիս իրենց շքամուտքից, այդտեղի խանութի տերը, մաքրում է իր տարածքի դիմացի հատվածը և ինձ ասում է, որ դրա համար իրեն պետք է փող տանք։ Այսինքն՝ այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել։ Ավագանու որոշմամբ՝ մասնավոր տնտեսվարողները, որոնք առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես, պարտավոր են ձնամաքրման աշխատանքներին մասնակցել։ Պարտավոր են նաև համատիրությունները։ Եվ այն վարչական շրջանները, որոնք վարչական տուգանքներ չեն գրել, իրականում պետք է բացատրեն և հիմնավորեն, որովհետև ինձ մոտ մեծ հարց է առաջանում»,- մանրամասնել է Ավինյանը։
Ավինյանը հիշեցրել է նաև, որ երկու տարի առաջ քննարկել են, հատուկ աշխատակիցների են առանձնացրել, որպեսզի վարչական շրջանները ունենան գործիք սանմաքրման և ձնամաքրման հետ կապված աշխատանքները պատշաճ իրականացնելու համար։ «Այսինքն՝ երբ ձյուն է գալիս, վարչական շրջաններն ունենան որոշակի ներուժ մայթերը, բակերը մաքրելու համար, որպեսզի ծայրահեղ իրավիճակներ չառաջանան։ Բայց այդ մարդիկ հունվարի 1-3-ը տանն են եղել, Նոր տարի էին անում։ Հասկանում եմ, որ դա էլ է մոտեցում, բայց դա այն մոտեցումը չէ, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին։ Ես դեկտեմբերի վերջին հատուկ շեշտել եմ, որ սպասվում է ձյուն, և մենք պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկը»,- ասել է Երևանի քաղաքապետը։
Ավինյանը հավելել է, որ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերը հանրագումարով ունեն մոտավորապես 300 աշխատակից, որոնք պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով։ «Երբ ես հանում եմ ձեր 300 աշխատակիցների կազմած արձանագրությունների թվերը և համեմատում եմ, օրինակ, հասարակական կարգի ապահովման կամ քաղաքաշինության և հողի վարչությունների աշխատակիցների կազմած արձանագրությունների հետ, խայտառակ թվեր են դուրս գալիս։ Եվ ես հասկանում եմ, որ մենք այդտեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որի մասին շուտով քննարկում կունենանք։ Այսինքն՝ հասարակական կարգի ապահովման վարչության մեկ աշխատակիցը միջինացված տասնյակ անգամներով ավելի վարչական իրավախախտում է արձանագրում, քան մեր վարչական շրջանների համապատասխան նույն աշխատակիցը։ Լավամարդ դուրս գալը լավ բան չի։ Այդ վարչական տուգանքները հենց այնպես չեն գրվում, դա նրա համար է, որ խանութի տերը իմանա, որ դա իր պատասխանատվությունն է։ Այդ մարդը պարտավոր չէ մեր գործակարգավարական խորհրդակցությանը հետևել, բայց նա պարտավոր է ավագանու որոշումը կատարել»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Ավինյանը նաև հայտարարել է, որ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար հավելյալ տեխնիկայի կարիք ունեն։
Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել, թե ինչ քանակի ու ծավալի տեխնիկայի կարիք կա, որպեսզի ձնամաքրման և սանմաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպվեն։