3 րոպեի ընթերցում
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարության ամբողջ անձնակազմը պետք է մտնի յուրաքանչյուր քաղաքացու դրության մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանն այդ մասին խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ պետք է լինեմ Միասնական սոցիալական ծառայության բոլոր տարածքային կենտրոններում, մեր նախարարությանը ենթակա բոլոր հիմնարկներում, ինչպես նաև այն բոլոր հասարակական կազմակերպություններում, որոնք ծառայություններ են մատուցում մեր կողմից տրամադրվող դրամաշնորհներով։ Այս որոշումը պատական չէ. մենք հաճախ առնչվում ենք մի երևույթի, երբ, կարծես, անջրպետ կա Երևանում որոշում կայացնողների և տեղերում տիրող իրավիճակի միջև։ Այսինքն՝ երբ մի քաղաքացի կամ կազմակերպություն քաղաքացի որևէ խնդիր է ունենում և դիմում է նախարարություն, ստանում է ստանդարտ պատասխաններ, բայց չի զգացվում այն կապը, որ պետք է լիներ այդ երկու մարմինների միջև՝ տեղում ծառայություններ մատուցողի, որը հաճախ քաղաքացիների հետ է շփվում և որոշում կայացնողների միջև, որոնք նստում են Երևանում, կոնկրետ մեր դեպքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Եվ ես ինքս իմ համար որոշել եմ, որ այդ անջրպետը վերացնելու մեխանիզմ պետք է լինի, ինքս դա անում եմ, և նաև որոշել եմ, որ մեր նախարարության ամբողջ ղեկավար անձնակազմը պետք է լինի մեր բոլոր ծառայություններ մատուցող կետերում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա իմ հանձնարարականն է եղել մի քանի օր առաջ, որը մոտակա մեկ տարվա մեջ պետք է իրականացվի, որովհետև ծավալն ահռելի է»,- ասել է Թորոսյանը։
Նա մանրամասնել է, թե ինչն է իրեն ստիպել նման որոշում կայացնել։ Նա նշել է, որ շատ հաճախ տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից նամակներ է ստանում, որոնք մինչև իրեն հասնելը հասած են լինում նախարարության տարբեր պաշտոնյաների։ «Մինչև ինձ հասնելը այդ նամակներին տրվում են ստանդարտ պատասխաններ՝ օրենքներին հղումներով։ Բայց երբ անձամբ ես եմ սկսում միջամտել, խնդիրների մի մասը լուծում են ստանում։ Չեմ ասում բոլորը, որովհետև որոշ դեպքերում ակնհայտ հակասություններ կան օրենքների հետ։ Իսկ ինչո՞ւ են խնդիրները սկսում լուծվել։ Դա նրանից է, որ ես փորձում եմ մտնել այդ մարդու, կազմակերպության կամ ընտանիքի դրության մեջ։ Եվ հիմա ես ուզում եմ, որ մեր նախարարության ամբողջ անձնակազմը մտնի յուրաքանչյուր քաղաքացու դրության մեջ, որովհետև հակառակ պարագայում մեր գործունեությունը իմաստ չունի»,- նշել է Թորոսյանը։