Մի խումբ քահանաներ հայտարարել են Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին

2 րոպեի ընթերցում

Տրնդեզ (Տյառնընդառաջ) File name: HM2_4689.JPG

Մի խումբ քահանաներ հայտարարել են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին և այդ առթիվ սոցցանցում հանդես են եկել համապատասխան գրառմամբ։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հոգևորականների ֆեյսբուքյան գրառումները։ 

Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը ողջունել են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը։

«Աջակցում և միանում ենք բարենորոգման հայտարարությանը»,- հավաստիացրել են հոգևորականները։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել բարենորոգման հայտարարությանը միացած քահանաներին։ 

«Հարգանքներս հոգևորականներին այս խիզախ քայլի համար: Նրանք միացել են բարենորոգման օրակարգին»,-նշել է Հարությունյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկսպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ 

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ 

Հայտարարության հեղինակները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականաց դասին և բոլոր հետևորդներին կոչ են անում աջակցել, միանալ եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այդ նպատակի շուրջ՝ հանուն Հայ Առաքելական եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․ 

Բարենորոգման օրակարգի հանրահռչակում

Եկեղեցու փաստացի պետի հեռացում

Կաթողիկոսական տեղապահի ընտրություն

Եկեղեցու կանոնադրության ընդունում

Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

 

Հայերեն English Русский