Խամենեին միասնության կոչ է արել Իրանի բնակիչներին՝ ԱՄՆ-ին մեղադրելով անկարգությունների համար
2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երկրի բնակչությանն ուղղված իր ուղերձում կոչ է արել իրանցի երիտասարդությանը միասնություն պահպանել երկրում տեղի ունեցող լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Հարգելի երիտասարդներ, պահպանեք ձեր պատրաստակամությունն ու միասնությունը։ Համախմբված ազգը կհաղթի ցանկացած թշնամու», - Խամենեիի խոսքն է մեջբերել IRIB գործակալությունը։
Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանում անկարգություններով։ Նրա խոսքով՝ ցուցարարները գործում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկություններին համապատասխան։
Նա կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին կենտրոնանալ ԱՄՆ-ի ներքին գործերի վրա։
«Երեկ երեկոյան Թեհրանում մի խումբ վանդալներ ավերել են իրենց սեփական երկրին պատկանող շենքը, որպեսզի հաճոյանան ԱՄՆ նախագահին…. Եթե նա ընդունակ է դրան, թող զբաղվի իր երկրի կառավարմամբ», - Խամենեիի այս խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսներն ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Հաղորդվել է զոհերի մասին թե՛ ուժայինների, թե՛ ցուցարարների շրջանում: Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ից 45-ի։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Ցույցերի ֆոնին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը։