Միացյալ Նահանգներ

Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից «Marinera» լցանավի գրավումն անվանել է միջազգային իրավունքի խախտում

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից «Marinera» լցանավի գրավումն անվանել է միջազգային իրավունքի խախտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Marinera» լցանավի գրավումն ամերիկյան ուժերի կողմից անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում և Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ միջազգային նավագնացության նորմերի և սկզբունքների պահպանմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Բաց ծովում ամերիկյան զինվորականների կողմից խաղաղ նավի վրա բարձրանալը և դրա փաստացի գրավումը, ինչպես նաև անձնակազմի գերեվարումը չի կարելի մեկնաբանել որպես որևէ այլ բան, քան միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև նավարկության ազատության կոպիտ խախտում։ Սա նավատիրոջ օրինական իրավունքների և շահերի էական խախտում է», - ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը շեշտել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով, տեղեկացվել է «լցանավի ռուսական պատկանելության և դրա խաղաղ քաղաքացիական կարգավիճակի մասին»: Գերատեսչությունը պահանջում է, որ ամերիկյան իշխանություններն ապահովեն նավի անձնակազմի անդամ ՌԴ քաղաքացիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքը և չխոչընդոտեն նրանց վերադարձը հայրենիք:

ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել «վերադառնալ միջազգային ծովային նավագնացության հիմնարար նորմերին և սկզբունքներին և անհապաղ դադարեցնել «Marinera»-ի և այլ նավերի դեմ անօրինական գործողությունները»։

ՌԴ արտգործնախարարությունը եզրակացրել է, որ «Marinera»-ի հետ կապված միջադեպը կարող է հանգեցնել եվրատլանտյան տարածաշրջանում ռազմական և քաղաքական լարվածության հետագա սրման:

ԱՄՆ ռազմածովային ուժերն Ատլանտյան օվկիանոսում «Marinera» լցանավ են բարձրացել հունվարի 7-ին. մինչ այդ նավի հետ կապը կորել էր։ Լցանավը դեկտեմբերի 24-ին ստացել էր Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն։

ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պնդմամբ՝ նավը կալանվել է ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար: Մեկնաբանելով միջադեպը՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական նավթի շրջափակումը շարունակում է ուժի մեջ մնալ ամբողջ աշխարհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում