Երևան

Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծի հետ կապված հաջորդ տարի կլինի կառավարության հատուկ որոշում

2 րոպեի ընթերցում

Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծի հետ կապված հաջորդ տարի կլինի կառավարության հատուկ որոշում

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է, ՀՀ կառավարությունը նախագծի հետ կապված հաջորդ տարի կկայացնի հատուկ որոշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը վստահեցրեց, որ Աջափնյակի մետրոյի ծրագիրը չի խափանվել ու փոխվել:

«Ուզում եմ վստահեցնել, որ Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է: Մասնավորապես այդ փորձաքննություններից մեկը՝ պարզ փորձաքննությունը, 1-ից ավելի տարի է տևել: Այն բավականին բարդ պրոցես է եղել, և շատ երկար մեկնաբանություններով վերադարձվել է նախագծողին, նախագծողն արձագանքել է: Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով մենք իրականացնելու ենք նախագծի FIDIC կառավարման մոդել, որն այս տեսակ մեծ նախագծի համար ամենահարմար տարբերակն է»,-ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ ներգրավելու են ինժեներական տեղհսկող, որն այս տեսակ նախագծեր կառավարելու փորձ ունի:

«Մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի՝ այս որակի, այս բարդության նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել: Հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված»,-ասաց քաղաքապետը:

Ըստ նրա՝ ավելի լավ է մի փոքր ավելի ժամանակ ծախսել նախագծային փուլերի վրա գրագետ տեղհսկողություն ունենալու վրա, որ հետագայում շինարարության ընթացքում հնարավոր լինի կառավարումն ամբողջապես՝ որակային և ժամանակային տեսանկյունից, պահել վերահսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում