Եթե տարածաշրջանային գործընթացները լինեն փոխըմբռնելի, ապա կայուն միջավայրն ավելի կամրապնդվի, իսկ խաղաղության չափաբաժինն ավելի կմեծանա․ Արմեն Պետրոսյան
3 րոպեի ընթերցում

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտնի փաստաթղթերի ստորագրումից հետո Հարավային Կովկասում բովանդակային առումով նոր իրավիճակ է, ինչի շնորհիվ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ավելի կանխատեսելի են դառնում գործընթացները։ Մի կողմից Միացյալ Նահանգների դերակատարումը, մյուս կողմից խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քայլերը, ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները որոշակի հստակեցում են մտցնում իրավիճակում։
«Արմենպրես»-ի ՝ «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի ավագ խորհրդական, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Այժմ չափազանց մեծ անելիք կա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, քանի որ նկատելի է մոտեցումների համադրումը՝ Հարավային Կովկասում իրավիճակը կառավարելի պահելու առումով, և թույլ չտալով կոնֆլիկտային միջավայրի ձևավորումը, որը կարող է արտաքին դերակատարներին ակտիվ կերպով ներգրավել տարածաշրջանային գործընթացներում։ Այդուհանդերձ, կա խաղաղության միջավայրի ձևավորման հստակ միտում, որի նպատակն է Հարավային Կովկասը բոլորի համար դարձնել շահեկան ու գրավիչ տարածաշրջան թե՛ տրանսպորտային կապուղիների, թե՛ էներգետիկ նախագծերի, թե՛ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների մեկտեղման տեսանկյունից»,- ասաց Պետրոսյանը։
Ամփոփելով անցնող տարին՝ փորձագետն անդրադարձավ ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, այլև Միջին Արևելքում ընթացող իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն ու շարունակվող ռուս-ուկրաինական կոնֆլիկտին։ Հաղորդման ընթացքում նա անդրադարձավ այն գործոններին, որոնք կարող են նպաստել հակամարտությունների կարգավորմանը՝ առանցքում առանձնապես ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական, խաղաղարար առաքելությունը։
Պետրոսյանի կանխատեսմամբ՝ 2026 թվականը չափազանց կարևոր և կողմնորոշիչ տարի է լինելու, ինչը պայմանավորված է առաջին հերթին տարածաշրջանային մեգանախագծերի իրականացման ընթացքից։ Բանակցային փուլերին հաջորդելու են կոնկրետ քայլերն ու գործողությունները, և եթե գործընթացները բոլոր շահագրգիռ կողմերի համար լինեն փոխըմբռնելի, ապա կայուն միջավայրն ավելի կամրապնդվի, իսկ խաղաղության չափաբաժին ավելի կմեծանա։
Մանրամասները՝ Podcast-ում։
