Ադրբեջան

Հաջորդ տարի կշարունակենք Երևանի հետ երկխոսությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու նպատակով. Բայրամով

3 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի կշարունակենք Երևանի հետ երկխոսությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու նպատակով. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2026 թվականի ընթացքում Բաքուն պատրաստվում է շարունակել Երևանի հետ երկխոսությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարի հայտարարություններն ընթացիկ տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսից։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման ջանքերն ակտիվացել են: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ երկկողմ երկխոսությանը՝ 2026 թվականին խաղաղության գործընթացն առաջ մղելու նպատակով»,-նշել է Բայրամովը:

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումները և Հայաստանի կողմից ադրբեջանական նավթամթերքի գնումը վստահության ամրապնդման դրական գործընթացներ են:

Բացի այս, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանն ուղղված  TRIPP նախագիծը կնպաստի Հարավային Կովկասում միասնության ամրապնդմանը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը կարևորել է նաև, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները TRIPP-ի հարցում համագործակցեն Ադրբեջանի հետ, քանի որ դրա մուտքն ու ելքը լինելու է Ադրբեջանի տարածքում։

Բայրամովը հերթական անգամ կրկնել է կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և պետք է փոխվի։ Նա նշել է, որ միայն այդ և TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի կողմից իր պարտավորությունները կատարելու դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.

 «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մասն է։ «Թրամփի ուղի» նախագծով ապահովվելու է նաև Հայաստանի տարածքով  Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության  փոխադարձության սկզբունքների պահպանմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում