ՄՊԼՀ-ի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը գործում է հստակ զարգացման ծրագրերով․ տնօրեն
5 րոպեի ընթերցում

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (ՄՊԼՀ) Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը ծավալում է ակտիվ և բազմաբնույթ գործունեություն՝ նպաստելով հայերենի, հայկական մշակույթի ներկայացվածությանն ու ճանաչմանը բազմալեզու և բազմամշակութային միջավայրում։
«Արմենպրես»-ի Մոսկվայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ սերտ համագործակցում են Հայաստանի մի շարք բուհերի և գիտական հաստատությունների հետ։ Առաջատար գործընկերն է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, որի հետ իրականացվում են գիտաժողովներ, դասախոսական փոխգործակցության և ուսանողական մասնակցության ծրագրեր։

Գործընկերային հարաբերություններ են ձևավորված նաև Հայ-սլավոնական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Խաչատուր․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։
Խոսելով Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների մասին՝ Արմինե Մարտիրոսյանը նկատեց, որ այն ունի կրթական, գիտական և մշակութային բազմաշերտ ծրագրեր։ Կենտրոնը գործում է ԱՊՀ երկրների լեզուների կենտրոնների համակարգում և ունի հստակ ձևակերպված առաքելություն ու զարգացման ռազմավարություն։

«Կենտրոնի գործունեության առանցքում ուսումնական ծրագրերն են, որոնք իրականացվում են Թարգմանչական ֆակուլտետում։ Այստեղ գործում է շուրջ 12 կրթական ծրագիր՝ ներառելով համաժամանակյա, գրավոր և բանավոր թարգմանություն, հատուկ տեքստերի թարգմանություն և այլ մասնագիտական ուղղություններ՝ հայերենի դասավանդման հետ մեկտեղ։
Բացի այդ, «Լրագրություն» բաժնում հայերենը դասավանդվում է որպես երկրորդ օտար լեզու՝ ապագա լրագրողների համար մշակված մասնագիտացված ծրագրերով»,- ասաց տնօրենն ու հավելեց, որ բոլոր այս ծրագրերը հաստատված են Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից և հանդիսանում են համալսարանի պաշտոնական ուսումնական բաղադրիչ։
Արմինե Մարտիրոսյանի խոսքով՝ թեև ոչ բոլոր ուսանողներն են սկզբում հայերենն ընտրում սեփական նախաձեռնությամբ, սակայն ժամանակի ընթացքում նկատվում է հետաքրքրության կայուն աճ։ Ընդգծեց՝ շատ ուսանողներ մեծ հետաքրքրությամբ են սովորում հայերենը և ակտիվորեն ինտեգրվում հայկական մշակույթին։ Ընդհանուր միտումը դրական է՝ պայմանավորված այն գիտակցմամբ, որ արևմտյան և ասիական լեզուների հետ մեկտեղ կարևոր է նաև ԱՊՀ երկրների լեզուների իմացությունը, որոնց շարքում հայերենն ունի արժանավոր տեղ։

Անդրադառնալով զարգացման ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ կենտրոնի առաջնահերթություններն են՝ հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ծրագրերի կատարելագործումը, Հայաստանի և ԱՊՀ երկրների բուհերի հետ գիտական ու կրթական համագործակցության ընդլայնումը, համալսարանական միջավայրում մշակութային միջոցառումների ակտիվացումը, հայկակա սփյուռքի հետ կապերի խորացումն ու փորձի փոխանակումը և դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ այդ թվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ իրականացվող վերապատրաստումների միջոցով։

«Կենտրոնն ակտիվորեն իրականացնում է նաև մշակութային ծրագրեր՝ կազմակերպելով մշակույթի օրեր, կլոր սեղաններ և միջոցառումներ՝ նվիրված հայ մշակույթի նշանավոր գործիչներին, գրողներին, բանաստեղծներին ու հասարակական դեմքերին։ Նպատակն է, որպեսզի համալսարանում ներկայացված ավելի քան 40 լեզուների կողքին հայերենը ներկայանա նաև իր հարուստ մշակութային ժառանգությամբ։
Մշակութային կյանքում ակտիվ դեր ունեն նաև ազգությամբ հայ ուսանողները, որոնք Կենտրոնի աջակցությամբ կազմակերպում են հայ երգարվեստին, պարարվեստին և կինոյին նվիրված միջոցառումներ»,- ասաց Արմինե Մարտիրոսյանը՝ եզրափակելով, որ համալսարանում պարբերաբար անցկացվում է «Հայագիտությունը լեզուների և մշակույթների խաչմերուկում» գիտաժողովը՝ տարբեր բուհերի մասնագետների և ուսանողների մասնակցությամբ։
