ՃՇՀԱՀ-ը համալրվեց 80 մասնագիտական գրքով. համալսարանն ակտիվացնում է գիտակրթական համագործակցությունը ռուսական բուհերի հետ
6 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համալրվեց շինարարության ոլորտին առնչվող 80 միավոր մասնագիտական գրականությամբ, համալսարանն ակտիվացնում է գիտակրթական համագործակցությունը ռուսական բուհերի ու կազմակերպությունների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 25-ին ՃՇՀԱՀ այցելեցին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության, «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչության ղեկավարները, աշխատակիցներն ու նվիրեցին գրքերը:

«Մեր համալսարանը տարիների ընթացքում հաստատել է փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն ՌԴ բուհերի և կազմակերպությունների հետ: Այդ համագործակցության շրջանակում իրականացվում են համատեղ գիտագործնական և նախագծային ծրագրեր՝ ճարտարապետության, շինարարության և դիզայնի ոլորտներում, կազմակերպվում են մասնագետների պատրաստում և վերապատրաստում, ինչպես նաև փոխադարձ մասնակցություն միջազգային գիտաժողովների, սեմինարների, ամառային դպրոցների»,-ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը:
Նա այս համատեքստում առանձնակի ընդգծեց համալսարանում գործող «Ռուսասց լեզվի կենտրոն»-ի գործունեությունը: Կենտրոնը հիմնադրվել է 2020թ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աջակցությամբ: Առաջիկայում համալսարանում կայանալիք համակարգային փոփոխությունների շրջանակում այն կվերանվանվի «Ռուսական կենտրոն»: Անվանափոխությունն ինքնանպատակ չէ, ճարտարապետության և շինարարության բուհում նման անվանմամբ կենտրոնի առկայությունը համագործակցության ավելի լայն հնարավորություններ կտա:

Ռեկտորը հույս հայտնեց, որ կենտրոնը կշարունակի ավելի մեծ ներուժով հանդես գալ որպես կարևոր հարթակ՝ ուսանողների լեզվամշակութային, կրթական, մասնագիտական զարգացման հնարավորություններն ընդլայնելու համար:
Նա նշեց՝ գործընկերները համալսարանը համալրեցին մասնագիտական հարուստ գրականությամբ:
«Այս նախաձեռնությունը մեր միջև ձևավորված գիտակրթական համագործակցության շարունակության և զարգացման հստակ վկայությունն է: Դա հնարավորություն է տալիս մեր ուսանողներին և հետազոտողներին քայլել ժամանակի պահանջներին համահունչ՝ օգտվելով գիտական արդի ձեռքբերումներից»,-նշեց Բարսեղյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ նախաձեռնությունները կունենան շարունակական զարգացում և կծառայեն կրթության, գիտության ու մշակութային երկխոսության ամրապնդմանը:
ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ևս հույս հայտնեց, որ «Ռուսական կենտրոն»-ը կզարգանա ու կամրապնդվի:

Ֆաֆիլովն ընթերցեց Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո) ղեկավար Եվգենի Պրիմակովի շնորհակալագիրը՝ ուղղված համալսարանի ռեկտորին. ««Ռոսսոտրուդնիչեստվո»-ն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում ռուս-հայաստանյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը Ձեր ակտիվ մասնակցության և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ու Երևանում գտնվող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար: Ձեր մասնակցության և դասախոսների, ուսանողների ներգրավվածության շնորհիվ անցկացվում են նշանակալի միջոցառումներ, որոնք նպաստում են Ռուսաստանի հետ մշակութային կապերին և խթանում ռուսաց լեզուն ու մշակույթը Հայաստանի մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս»:
Պրիմակովն ընդգծել էր՝ անհամբեր սպասում են համատեղ նախագծերի շուրջ շարունակական արդյունավետ համագործակցությանը:
Ապա Ֆեֆիլովը շնորհակալագիրը փոխանցեց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանին:
Համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանն ընդգծեց ռուսական մասնագիտական բուհերի և կազմակերպությունների հետ ձևավորված ամուր համագործակցության մասին:

«ՃՇՀԱՀ-ն ունի ակտիվ ու բազում տարիների համագործակցության Ռուսաստանի մասնագիտական այնպիսի բուհերի, կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Մոսկվայի պետական շինարարական համալսարանը, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանը և այլ համալսարաններ, կազմակերպություններ, որտեղ իրականացվում են մասնագիտական հետազոտություններ: Նաև իրականացվում է երիտասարդ գիտնականների, մասնագետների վերապատրաստում Մոսկվայի գեոդեզիայի պետական համալսարանում, որից հետո մասնագետները վերադառնում ու աշխատում են մեր համալսարանում: Համատեղ կազմակերպել ենք գիտաժողովներ: Ներկայում ընթացքի մեջ են վերապատրաստման դասընթացներ մեր ուսանողների համար»,-ասաց Վարդգես Եդոյանը:

Նա նշեց, որ ռուսական բուհերից բացի, համալսարանը համագործակցություն ունի նաև եվրոպական, չինական բուհերի հետ: Բուհն ունի 101 համագործակցության պայմանագիր: Եվրոպական՝ հատկապես ֆրանսիական, իտալական, շվեյցարական բուհերի հետ համագործակցությունն առավել ակտիվ է: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիպլոմները ճանաչելի են եվրոպական այդ երկրներում, շրջանավարտները կարողանում են այդ երկրներում աշխատանքի անցնել: