Միացյալ Նահանգներ

Գյուղմթերքների արտահանման ոլորտում ակտիվանում է ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Գյուղմթերքների արտահանման ոլորտում ակտիվանում է ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Վաշինգտոնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) աշխատակից, Հայաստանին ու Վրաստանին ցուցաբերվող օժանդակության նախագծերի կառավարմամբ զբաղվող Բեն Քեյրնին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանից Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ անասնաբուժական և բուսասանիտարական ծագման մթերքների արտահանմանը, լաբորատոր կարողությունների զարգացմանը, համակարգերի թվայնացմանը և ապրանքների հետագծելիությանն առնչվող հարցեր։

Ռիշան Չաուդհրին ընդգծել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերոնշյալ ոլորտներում հավանական խնդիրների լուծման ուղղությամբ։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է «ePhyto» ծրագրին միանալու նախապատրաստական աշխատանքները, և 2026 թվականին նախատեսվում է համակարգի մեկնարկը, որը հայ արտադրողների համար ավելի դյուրին կդարձնի դեպի ԱՄՆ գյուղմթերքներ արտահանելու գործընթացը:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, որը միաժամանակ խթան կհանդիսանա շուկայի բազմակողմանի զարգացման համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում