Տնտեսություն

Վոլգոգրադից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվել ցորենով բեռնված գնացքը․ երթուղին չի օգտագործվել շուրջ 30 տարի

2 րոպեի ընթերցում

Վոլգոգրադից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվել ցորենով բեռնված գնացքը․ երթուղին չի օգտագործվել շուրջ 30 տարի

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Գմելինկայի կայարանից 1990-ական թվականներից հետո առաջին անգամ ցորենով բեռնված վագոններ են ուղևորվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Վոլգոգրադի երկաթգծի մամուլի ծառայությանը:  

Ցորենի առաջին խմբաքանակը՝ 7 վագոնից բաղկացած, արդեն ուղևորվում է Երևան: Մինչև 2025 թվականի ավարտը այս երթուղով նախատեսվում է ուղարկել 30 վագոն՝ 2 հազար տոննա ցորենով: 

2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։ 

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը և հայտարարել, որ Հայաստանն էլ իր հերթին վերացրել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տեղափոխման համար։ 

Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում