Բելգիայի հայտնի հայերը. ադամանդագործ Սահակ Արսլանյանը շարունակում է իր պապիկի սկսած գործը

10 րոպեի ընթերցում

«Բելգիայի հայտնի հայերը» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի զրուցակիցն է ադամանդագործ Սահակ Արսլանյանը, որը շարունակում է իր պապիկի սկսած գործը՝ մարմնավորելով  ավանդույթներով կերտված մասնագիտության նոր վերածնունդը։ 

Ավելի քան 70 տարվա ընտանեկան փորձառության ժառանգորդ լինելով՝ նա այսօր համադրում է գերազանցությունը, նորարարությունն ու բարձր ոսկերչության ժամանակակից տեսլականը։ Սահակը ոչ միայն շարունակում է իր պապիկի թողած ժառանգությունը, այլև վերասահմանում է, թե ինչ է նշանակում ադամանդագործ լինելը ժամանակակից աշխարհում։ 

Մոնակոյի հեղինակավոր Մեծ մրցանակի դափնեկիրը, որի մասին  մասնագիտական բնագավառում խոսում են մեծ հարգանքով ու հիացմունքով, Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում խոսել է իր անցած ճանապարհի, հաջողությունների ու հեռանկարների մասին:  

-Ինչպե՞ս է Արսլանյան ընտանիքը հայտնվել Բելգիայում։

-Մեր ընտանիքը Բելգիա է եկել շատ պարզ պատճառով․ պապիկս՝ Մելանկտոն Արսլանյանը, սկսել էր զբաղվել ադամանդների առևտրով։ Նա շատ արագ հասկացել էր, որ ադամանդների համաշխարհային կենտրոնը տեղափոխվում է Անտվերպեն, և հենց այդ պատճառով էլ մոտավորապես 1957-1958 թվականներին որոշել է հաստատվել Բելգիայում։

Նա ադամանդների առևտրով սկսել էր զբաղվել դեռևս 1951 թվականին՝ Փարիզում։ Այդ տարիներին Լիբանանում էին բնակվում, և երբ գործը սկսեց զարգանալ, նա որոշեց ընկերությունը տեղափոխել Բելգիա։

-Ձեր ընտանիքը երեք սերունդ շարունակ զբաղվում է ադամանդներով։ Ինչպե՞ս է այս ժառանգությունը փոխանցվել և ձևափոխվել մինչև Ձեզ հասնելը։

-Շատ լավ հարց է։ Առաջին սերունդը փաստացի հիմք դրեց ընտանեկան բիզնեսին՝ զբաղվելով հում ադամանդներով։ Այդ ժամանակ ադամանդագործները հիմնականում գնումներ էին կատարում Անտվերպենում կամ Լոնդոնում և հազվադեպ էին գնում անմիջապես արտադրող երկրներ։

Իմ պապիկը և նրա եղբայրը առաջիններից էին, որոնք ուղղակիորեն գնացին դեպի սկզբնաղբյուր։ Նրանք բացեցին գնման գրասենյակներ բազմաթիվ արտադրող երկրներում՝ հատկապես Աֆրիկայում, ինչպես նաև Բրազիլիայում, Վենեսուելայում, Ավստրալիայում․ մի խոսքով՝ այն վայրերում, որտեղ ադամանդ էր արտադրվում։

Երկրորդ սերունդը՝ հորս սերունդը, ամրապնդեց այս հիմքը՝ պայմանագրեր կնքելով խոշոր հանքարդյունաբերական խմբերի հետ։ 

Ինչ վերաբերում է ինձ, ես որոշեցի գնալ ևս մեկ քայլ առաջ՝ ավելի մոտենալ վերջնական սպառողին։ Եղբայրներս հիմնականում աշխատում են B2B ոլորտում, մինչդեռ ես ուղղակիորեն մուտք գործեցի ոսկերչության ոլորտ՝ անմիջական շփման մեջ լինելով հաճախորդների հետ։

Ի վերջո` տրամաբանական էր, որ հում ադամանդների հետ երեք սերունդ աշխատելու արդյունքում ճանապարհը տանի դեպի բարձր ոսկերչություն։ Մենք արդեն աշխատում էինք բացառիկ քարերի՝ մեծ ադամանդների, գունավոր ադամանդների հետ, և բարձր ոսկերչությունը լավագույն միջոցն է այդ քարերին իրենց արժանի տեղը տալու համար։

-Ե՞րբ հասկացաք, որ Դուք նույնպես ցանկանում եք մտնել ադամանդների և բարձր ոսկերչության աշխարհ։

-Ես ընտանեկան բիզնես մտա մի փոքր պատահաբար։ Ունեմ երկու ավագ եղբայր, և սկզբում ընդհանրապես չէի ցանկանում աշխատել ո՛չ ընտանեկան շրջանակում, ո՛չ էլ ադամանդների ոլորտում։

Բիզնես մտա զուտ հանգամանքների բերումով՝ այն պահին, երբ գտնվում էի երկու մասնագիտական ծրագրերի միջև։ Մինչ սպասում էի նոր աշխատանքի մեկնարկին, միացա ընտանեկան գործին… և այլևս դուրս չեկա դրանից։

Ժամանակի ընթացքում սովորեցի սիրել ադամանդը՝ ոչ թե հում, այլ մշակված ադամանդը, հատկապես գունավոր ադամանդները։ Միշտ կարծում էի, որ գունավոր ադամանդները բարձր ոսկերչության մեջ իրենց արժանի տեղը չունեն։ Հենց այդ համոզմունքն էլ ինձ մղեց ստեղծել բարձր ոսկերչության զարդեր։

-Ձեր հայկական արմատները ազդո՞ւմ են Ձեր գեղագիտական ընկալման և մասնագիտության հետ հարաբերության վրա։ 

-100 տոկոսով։ Ամենից շատ ես իմ հայկական արմատները զգում եմ մասնագիտության կոսմոպոլիտ կողմում։ Հայերը աշխարհով մեկ են և ունեն հարմարվելու բացառիկ կարողություն։

Ես ազատ խոսում եմ մանդարին լեզվով, ինձ շատ հանգիստ եմ զգում Ասիայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում։ Այս հարմարվողականությունն ու կոսմոպոլիտ մտածելակերպը խորապես հայկական են։

Իմ ոսկերչությունը ևս դա է արտացոլում․ այնտեղ կարելի է տեսնել արևելյան, աֆրիկյան, հարավամերիկյան, հյուսիսամերիկյան ազդեցություններ։ Կարևորը իսկականն է, ոչ թե արհեստականը։ Դա գալիս է նրանից, որ ես ինքս կոսմոպոլիտ եմ՝ ճանապարհորդել եմ, ապրել եմ, մարդկանց եմ հանդիպել աշխարհի տարբեր ծայրերում։ Այդ «ամեն տեղից ու ոչ մի տեղից» ինքնությունն է, որ սնուցում է իմ աշխատանքը։

-Այսքան ավանդական ոլորտում ինչպե՞ս գտնել սեփական տեղը՝ չդավաճանելով ընտանեկան ժառանգությանը։

-Հարատև լինելու համար անհրաժեշտ են երկու բան՝ փոխանցում և նորարարություն։ Ոչինչ չի կարող մնալ անշարժ։

Ես հաճախ ասում եմ, որ մեր մոտեցումը ժամանակից դուրս է, բայց ժամանակակից։ Սա հակասություն չէ․ կարելի է պահպանել էությունը, արժեքներն ու որակը՝ միաժամանակ ընդունելով արդիականությունը։ Պետք է ապրել ժամանակին համահունչ։

Ադամանդի արդյունաբերությունը շատ ավանդական է, երբեմն նույնիսկ փոշոտ, և վերջին տարիներին լուրջ ցնցումների է ենթարկվել՝ սինթետիկ ադամանդների, արհեստական բանականության, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային առևտրի պատճառով։ Covid-ը արագացրեց այս անցումը, բայց ոլորտը վաղուց էր հետ մնացել։

-Դուք արժանացել եք Մոնակոյի հեղինակավոր Մեծ մրցանակին։ Ի՞նչ է այս մրցանակը նշանակում Զեզ համար։

-Մենք մեր բրենդը գործարկեցինք հուլիսի 8-ին՝ Փարիզում, բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում, Կոնկորդիայի հրապարակում։ Մեկնարկը մեծ հաջողություն ունեցավ, որին հաջորդեցին միջոցառումներ Ֆրանսիայի հարավում։

Այնուհետև մեզ հրավիրեցին մասնակցելու Մոնակոյի Բարձր Ոսկերչության Մեծ մրցանակի հանձնման արարողությանը։ Կարծում էի, որ այն նախատեսված է միայն հաստատված նորաձևության տների համար, սակայն մենք ընտրվեցինք և հաղթեցինք «Լավագույն նորաստեղծ» մրցանակը՝ Lunar Éclipse վզնոցով՝ բացառիկ ստեղծագործությամբ։

Հիմնադրումից չորս ամիս անց բեմում կանգնել այնպիսի նորաձևության տների կողքին, ինչպիսիք են Chopard-ը, Chanel-ը, Louis Vuitton-ը, Tiffany-ն, Messika-ն, իսկապես արտասովոր էր։ Դա հաստատում է մեր աշխատանքի որակը։

Մյուս շաբաթ մենք բացում ենք մեր բուտիկը Փարիզում՝ Մատինյոն պողոտա 34 հասցեում։ Սա ցույց է տալիս, որ անգամ շատ մրցակցային շուկայում գերազանցության համար միշտ տեղ կա։

-Բարձր ոսկերչությունը նախ արվեստ է և հետո միայն մասնագիտություն։ Որտե՞ղ եք գտնում Ձեր ներշնչանքը։

-Ներշնչման աղբյուրը նախ և առաջ գունավոր ադամանդներն են։ Դրանք չափազանց հազվադեպ են։ Բացառիկ գունավոր ադամանդը, ճիշտ կտրված և կատարյալ հավասարակշռված, գրեթե հրաշք է։

Այս հազվադեպությունն ինձ տարավ տիեզերական ներշնչման՝ լուսին, աստղեր, արև։ Կարծես, յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է առաջնորդվի մի բարի աստղով։ 

Ցանկացա նաև ցույց տալ, որ մենք պարզապես ադամանդագործներ չենք, որոնք հեշտ ճանապարհով դարձել են ոսկերիչ։ Ես ուզում էի ստեղծել տեխնիկապես բարդ, պահանջկոտ գործեր, որպեսզի անմիջապես հաստատվենք որպես լիարժեք ոսկերիչներ։ 

-Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ կրում է հայկական համայնքին հատուկ պատմություն, հիշողություն և տոկունություն։ Սա ազդո՞ւմ է Ձեր արվեստի վրա։

-Ինձ համար առանցքային բառը ամբողջականությունն է՝ ամբողջականություն քարերի ընտրության, դիզայնի, կատարման, գեղագիտական ընկալման մեջ։ 

Ես ձգտում եմ գերազանցության՝ աշխատանքի, խստապահանջության և համոզմունքի միջոցով։ Իմ ուժը գալիս է հենց ոսկերչի իմ մասնագիտությունից և այն մեծ հաճույքից, որ տալիս են այս բացառիկ քարերը։ 

-Այսօր ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ։ 

-Խորապես շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ Բելգիա գալու և այստեղ ծնվելուս ու մեծանալուս համար։ Դա ինձ հնարավորություն տվեց դառնալ այն մարդը, որ այսօր եմ։

Նաև անչափ շնորհակալ եմ իմ կնոջը, որը ինձ ամեն օր ոգեշնչում և ուժ է տալիս, հատկապես իմ զարդերի ստեղծման ընթացքում։ 

-Եթե Ձեր ճանապարհը մեկ բառով ամփոփեիք…

-Նորարար։ 18 տարեկանում մեկնեցի Չինաստան, սովորեցի մանդարին լեզուն՝ լինելով ընտանիքում առաջինը։ Դուրս գալ ադամանդագործի ավանդական շրջանակից և ստեղծել իրական բրենդ, դա նույնպես նորարարություն է։

Ես հավատում եմ փոփոխությանը, մշտական վերանայմանը, վերաստեղծմանը։ Եվ կարևոր է չափից շատ սենտիմենտալ չլինելը։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, և յուրաքանչյուր փուլ բացում է նոր դռներ։

-Եթե ադամանդի ոլորտում չլինեիք, ո՞ր մասնագիտությունը կընտրեիք։

-Առանց վարանելու՝ շքեղության արդյունաբերությունը (Luxury industry)։ Դա մի աշխարհ է, որը լիովին համահունչ է իմ էությանն ու պատկերացումներին: 

 

Հայերեն العربية Français Русский Türkçe

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ

Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին

Լևոն Ազիզյանը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս առաջնորդվել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով

Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն