Շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են. նախարար

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են. նախարար

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային հայտարարությունը և հանդես եկել ելույթով։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը և երկրի դիմակայունության բարձրացումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են։ Նշել է, որ ձևավորվում և իրականացվում են մի շարք ռազմավարական և ինստիտուցիոնալ լուծումներ՝ ուղղված՝

  • ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը
  •  կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը
  • շրջանաձև տնտեսության զարգացմանը և կայուն շարժունակության խթանմանը։

Նախարարն արտահայտել է այն համոզմունքը, որ բնական կապիտալի հաշվառումն ու էկոհամակարգային ծառայությունների գնահատումը պետք է դառնան ազգային պլանավորման և ներդրումային որոշումների անբաժանելի մաս, իսկ նորարար ֆինանսական գործիքները՝ կապի ամրապնդման միջոց պահպանության և զարգացման միջև։

Շեշտել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ ապահովել շրջակա միջավայրի դիմակայունությունը, և գլոբալ համագործակցությունը վճռորոշ է այս գործընթացում։

«Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, որը լինելու է կարևոր հարթակ՝ գնահատելու Կունմին–Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումն ու ձևավորելու դրա նպատակներին հասնելու հետագա ուղիները։

Հաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար»,– նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում