Մշակույթ

Ե՛վ երեկ, և՛ այսօր ձգտում եմ էլ ավելի կատարելագործվել օպերային արվեստում. Սիլվա Պետրոսյան

16 րոպեի ընթերցում

Ե՛վ երեկ, և՛ այսօր ձգտում եմ էլ ավելի կատարելագործվել օպերային արվեստում. Սիլվա Պետրոսյան

Երիտասարդ օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը վստահ է՝ հաջողությունների հասնելու համար անպայման անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին և երբեք չհամեմատվել այլ արտիստների հետ։ Երգչուհին, որը երկար տարիներ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի մեներգչուհի է եղել, այժմ թատրոնի մեներգչուհիներից է և երգում է ամենասիրված օպերաներում՝ «Տրավիատա», «Սիրո ըմպելիք», «Բոհեմ», «Մադամ Բաթերֆլայ», «Օթելլո» և այլն։ Դեռ շատ դերերգեր կան, որոնց մասին Սիլվա Պետրոսյանը երազում է. հույս ունի՝ բոլոր ցանկություններն իրար հաջորդելով կիրականանան։

Երգչուհին առաջին քայլերի, օպերային արվեստի, նվաճումների և առաջիկա ծրագրերի մասին պատմել է «Արմենպրես»-ի թղթակցին, որն օրերս հյուրընկալվել էր օպերային թատրոնում։

-Մի առիթով նշել եք՝ օպերան կամուրջ է անցյալի և ներկայի միջև, որտեղ յուրաքանչյուր հնչյուն կախարդում է։ Ե՞րբ Ձեզ կախարդեցին օպերային երաժշտության մեղեդիները։ Ինչպե՞ս հայտնվեցիք օպերային արվեստում։

-Շատերին թվում է, թե մանկուց երազել եմ օպերային երգչուհի դառնալ. այդպես չէ։ Բոլոր փոքրիկ աղջիկների պես ես էլ էի ցանկանում փոփ աստղ լինել։ Օպերային սիրահարվել եմ կոնսերվատորիայում սովորելու ընթացքում՝ երկրորդ կուրսում։ Իրականում ծնողներս որոշեցին, որ պետք է օպերային դասարան ընդունվեմ. շատ ծանր ընդունեցի այդ փաստը։ Վստահ էի, որ երրորդ կուրսից պետք է փոխեմ բաժինն ու ընդունվեմ էստրադային և ջազային երաժշտության ամբիոն, սակայն պարզվեց՝ ծնողներս ճիշտ որոշում են կայացրել։

-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված նրանց ընտրությունը։ Համակրա՞նքն էր օպերային արվեստի նկատմամբ, թե՞ նկատել էին Ձեր տաղանդը։

-Ինքս էլ չգիտեմ, որովհետև մեր ընտանիքում ոչ ոք  պրոֆեսիոնալ երաժիշտ չէ։ Բոլորն ունեն երաժշտական կրթություն՝ հայրս ջութակ է նվագել, մայրս՝ քանոն, քույրս՝ դաշնամուր, բայց, թե ինչու որոշեցին, որ ես պետք է օպերային երգչուհի դառնամ, չգիտեմ։ Հավանաբար այդ հարցը հարկավոր է նրանց ուղղել։ 

-Երևի թե գուշակել են, որ կփայլեք բեմում։

-Շնորհակալ եմ։

-Նշում եք, որ երկրորդ կուրսում եք սիրել օպերան։ Ի՞նչը նպաստեց դրան։

-Սովորել եմ Սուսաննա Մարտիրոսյանի դասարանում։ Նրա հորդորով մասնակցեցի Տաթևիկ Սազանդարյանի և Պավել Իսիցյանի մրցույթին։ Առաջին կուրսում շատ եմ բացակայել դասերից։ Երբ ստիպված ես սովորում, այդպես է լինում, սակայն մրցույթին պատրաստվելիս պետք էր լուրջ լինել։ Այդ ընթացքում վերլուծում էինք օպերաները, ինչը նպաստեց, որ սիրեմ այն և հասկացա, որ պետք է շարունակեմ այդ ուղղությամբ։

-Երկար տարիներ Երիտասարդական օպերային ծրագրի մեներգչուհի եք եղել։ Որքանո՞վ եք կարևորում նման ծրագրերի դերը տարբեր մշակութային հաստատություններում։ Ի՞նչ հեռանկարներ այն բացեց Ձեր առաջ։

-Ծրագրի ստեղծման պահից, երբ Լևոն Ջավադյանն ու Գեղամ Գրիգորյանը նախաձեռնեցին այն ու լսումներ կազմակերպեցին, մասնակցեցի լսումներին և ընդգրկվեցի կազմում։ Այդ ժամանակ դեռ չէի գիտակցում, թե ուր եմ եկել և ինչ մեծ հնարավորություն է բացվել իմ առաջ։ Նման ծրագրերն անհրաժեշտություն են, կամուրջ են դեպի մեծ բեմ։ Չես կարող ավարտել կոնսերվատորիան և միանգամից գլխավոր դերով հանդես գալ օպերային թատրոնում։ Գուցե  նման դեպքեր կան, բայց դա շատ բարդ է։ Պետք է դպրոց անցնել, անցնել այդ կամուրջը, որպեսզի հնարավոր լինի հայտնվել այնտեղ, որտեղ պետք է։

-Հե՞շտ տրվեց այդ անցումը։

-Խաղացել եմ ամենափոքր դերերից մինչև ամենամեծ դերերը։ Անցել եմ այդ ուղին, ուստի շատ օրգանական է եղել իմ ճանապարհը։ Եթե գայի և առաջին դերս լիներ մադամ Բաթերֆլայը,  այն ինձ դժվարությամբ կտրվեր և լիարժեք չէր լինի։

-Իսկ ո՞րն էր այն դերը, որը մեծ նշանակություն ունեցավ Ձեզ համար և հնարավորություն տվեց մի քանի քայլ առաջ գնալ։

-Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետում Կարինեի դերերգը։ Ի դեպ՝ «Կարինե» օպերետը կայացավ Երիտասարդական ծրագրի նախաձեռնությամբ։ Չէի հավատում, որ գլխավոր դերն ինձ են վստահել, բայց դա ինձ ինքնավստահություն տվեց։  Պարոն Ջավադյանն իսկապես հավատում էր իմ ուժերին։ «Կարինե»-ից հետո ուղին հարթ ընթացավ։

Հաջորդը «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերն էր։ Այդ դերերգից հետո հասկացա՝ եթե մի բան իմն է, դա հնարավոր չէ ինձնից վերցնել, և եթե մի բան իմը չէ, հնարավոր չէ, որ այն ինձ տրվի։ Չեմ մասնակցել լսումներին, քանի որ այդ օրերին ելույթներով ԱՄՆ-ում էի։ Երբ եկա Հայաստան, ռեժիսոր Իռկին Գաբիտովն արդեն սկսել էր փորձերը։ Հետևում էի փորձին՝ ակնկալիքով, որ մի օր կընդգրկվեմ կազմում։ Գաբիտովը մոտեցավ ինձ ու հարցրեց, թե ով եմ, ասացի, որ երգչուհի եմ, պատրաստել եմ դերերգը, բայց չեմ մասնակցել լսումներին։ Նա առաջարկեց մասնակցել փորձերին։ Հավանեց ինձ, և խաղացի երկրորդ առաջնախաղը։

-Անկախ մեր ցանկությունից՝ երբեմն կրկնօրինակում ենք ուրիշներին։ Ձեզ համար կա՞ն բացարձակ մեծություններ, որոնց ժամանակի ընթացքում փորձել եք նմանվել մինչև Ձեզ գտնելը։

-Ուսանողական տարիներին շատ հավանում էի Աննա Մոֆոյին և ամեն կերպ փորձում էի վոկալս հասցնել նրա կատարելությանը, այնինչ չէի գիտակցում, որ մենք տարբեր ձայներ ունենք։  Շատ-շատ սիրում եմ Միրելա Ֆրենիին, բայց այժմ չկա որևէ արտիստ, որին փորձեմ նմանակել, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր ինքնատիպ վոկալ ապարատը։ Էությամբ ևս բոլորս տարբեր ենք։ Գուցե ոչ մտածված որոշ բաներ վերցնեմ այս կամ այն արտիստից, բայց այդ պարագայում կնշանակի, որ այդ ամենը համապատասխանում է իմ ներաշխարհին։

-Վերջերս Լուչանո Պավարոտիի մասին պատմող հետաքրքիր ֆիլմ էի դիտում, որում նա խոստովանում է՝ եթե ինքը չհավատա իր հերոսին, չհավատա ինքն իրեն, հանդիսատեսը երբեք չի ընկալի իր կերտած կերպարը, չի ապրի նրա հետ։ Ձեր պարագայում ինչպե՞ս է. պատահո՞ւմ է, որ կերպարները, որոնք կերտում եք, Ձեզ հետ որևէ առնչություն չունենան, պատահո՞ւմ է, որ հակասություններ կամ վեճեր լինեն Ձեր միջև։

-Հաճախ է պատահում։ Հազվադեպ եմ  իմ և նրանց միջև ընդհանուր գծեր գտնում, բայց, եթե ես չհավատամ նրանց, չարդարացնեմ ու չգտնեմ բնավորության գծեր, որոնք մարդկային են ու բնորոշ են բոլորիս, դժվար կլինի։ Երբ կողքից նայում ես հերոսին, հեշտ է ասել, թե ինչու այսպես կամ այնպես վարվեց։ Մեր կյանքում ևս այդպես է. երբ նայում ենք ուրիշի խնդրին, վստահ ասում ենք, որ այս կամ այն իրավիճակում կարող էր այդպես չվարվել և այլն, իսկ երբ մենք ենք հայտնվում նման իրավիճակում, էմոցիաների արդյունքում նույն կերպ ենք վարվում։ Պետք է միշտ արդարացնես հերոսիդ, գտնես պատճառը, թե ինչու այդպես վարվեց և թե ինչու է նա այդ տեսակի։ 

-Կարինե, Միմի, Ադինա, Լիու, Չիո Սան, Դեզդեմոնա և այլք։ Իրար նման և իրարից չափազանց տարբեր կանայք են։ Ո՞ւմ հետ եք ավելի ներդաշնակ։

-Հաշտ եմ բոլորի հետ։ Սովորելու, նրանց ուսումնասիրելու արդյունքում բոլորն ինձ շատ մոտ են դարձել՝ իմ մեկնաբանությամբ։ Ամեն մարդ իր կերտած կերպարներն իրեն է մոտեցնում։ Իմ ամենասիրած օպերան Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ն է։ Բոլոր օպերաները, որոնցում ընդգրկված եմ, սիրո, կին-տղամարդ հարաբերությունների մասին են, իսկ Չիո Սանն ավելի բարձր սիրո մասին է խոսում. այն մոր և զավակի սիրո մասին է, և Չիո Սանի դրաման շատ խորն է, հուզիչ է։ Ամեն անգամ Չիո Սանի դերերգը երգելիս վերապրում եմ ամեն բան։ Չիո Սանի երեխայի դերով իմ աղջիկն է բեմ դուրս գալիս, և էլ ավելի եմ հուզվում, երբ նրան եմ հրաժեշտ տալիս։ Ամեն ինչ շատ իրական է դառնում, և հույզերս իրենց գագաթնակետին են հասնում։

-Իսկ Ձեր դուստրը երգելու ունակություններ ունի՞։

-Շատ սիրում է երգել։ Տանը երգում է, մանկապարտեզում երգում է, բայց, թե ինչ ուղի կընտրի, թողնում եմ նրան։

-Սովորո՞ւմ եք կերպարներից, հերոսներից։ Նշեցիք, որ վերլուծում եք, փորձում հասկանալ, թե ինչու այս կամ այն իրավիճակներում, հարաբերություններում այսպես վարվեց։ Պատահո՞ւմ է, որ ինչ-որ իրավիճակում հիշեք այդ հերոսին և վարվեք այնպես, ինչպես նա։

-Ավելի շատ նրանց սխալների վրա ենք սովորում։ Իմ մասնակցությամբ օպերաներից միայն «Կարինե»-ն և Դոնիցետիի «Սիրո ըմպելիք»-ը, որում Ադինա եմ խաղում, դրական ավարտ ունեն։ Քույրս կատակում է՝ հարցնելով՝  եթե գա օպերա ներկայացում դիտելու, էլի մեռնելո՞ւ  եմ վերջում։ 

-Դերասանները հաճախ են խոստովանում, որ հատկապես կարիերայի սկզբնական փուլում հաջողել են, որովհետև իրենց աջակցել է զուգընկերը, բախտ են ունեցել առնչվել հրաշալի արտիստների հետ, գուցե՝ ավելի հասուն։ Կխնդրեմ ներկայացնել, թե ինչ հետաքրքիր արտիստների հետ եք բեմ դուրս եկել թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր օպերային թատրոնում։

-Բնականաբար շատ կարևոր է, թե ում հետ ես բեմ բարձրանում, հատկապես՝ սկզբնական շրջանում։ Շատ է պատահում, որ բեմում այնպիսի էներգիա ես ստանում կողքիդ ելույթ ունեցող արտիստից, որ անկախ քեզնից ձուլվում ես այդ աուրային։  Մի բան է, երբ դու քո գիծն ես տանում, նա՝ իր, մեկ այլ բան է, երբ ձուլվում եք։ Շատ կարևոր է նաև այն, թե ով է ղեկավարում ներկայացումը. օգնո՞ւմ է ձեզ, թե՞ իր գծով է գնում։ Փառք Աստծո, ես բախտավոր եմ և միշտ ելույթ եմ ունենում փայլուն արտիստների և լավ դիրիժորների հետ։ Կարող եմ թվարկել անուններ, բայց իմ բոլոր կոլեգաները շատ լավն են։

-Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կատարել եք Կոմիտաս։ Կոմիտասը մեր պարծանքն է, հպարտությունն է։ Ո՞վ է նա Ձեզ համար։ Ի՞նչ տպավորություն է գործում կոմիտասյան երաժշտությունն օտարերկրացիների վրա։

-Կոմիտասն ինձ համար բոլորովին այլ աշխարհ է։ Ամեն անգամ Կոմիտաս կատարելիս յուրահատուկ ապրումներ եմ ունենում և կարևոր չէ մեր հողում եմ, թե արտերկրում եմ։ Կյանքը հիմնված է էմոցիայի վրա. թատրոն են գալիս հույզերի հետևից, որը մենք տալիս ու ստանում ենք։ Կոմիտասն այնքան հայկական է, այնքան մոտ է մեր սրտին։ Երբ երգում եմ հայ հանդիսատեսի համար, մարդկանց աչքերում տեսնում եմ կարոտ. այն մոտ է հոգևորին, մեր հոգուն։ 

-Սոպրանո եք. ամենագեղեցիկ ձայներից մեկը։ Նկատել եմ, որ հաճախ օպերային արվեստի ներկայացուցիչները երբեմն փոփ ժանրին են անդրադառնում։ Վերջերս ներկա էի իտալացի ականավոր օպերային երգիչ Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգին, որի ընթացքում դասական հանրահայտ արիաներից բացի նա նաև փոփ, ռոք ստեղծագործություններ կատարեց։ Մեր զրույցի սկզբում ասացիք, որ երազել եք փոփ երգչուհի դառնալ։ Փորձե՞լ եք իրականացնել Ձեր այդ ցանկությունը՝ այլ հարթակներում նախընտրած երգերը կատարելով։

-Արդեն ոչ։ Իմ հոգուն ամենամոտն օպերային ժանրն է և Կոմիտասը, սակայն նախորդ տարի օպերային թատրոնում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Լոտրեկ» ներկայացման առաջնախաղը։ Այն շատ էր տարբերվում իմ ռեպերտուարից։ Մյուզիքլ է, որում կատարում եմ Սյուզան Վալադոնի դերերգը։ Ազնավուրի երգերն են՝ մյուզիքլային մեկնաբանությամբ։ Սիրում եմ Ազնավուրին, սիրում եմ նրա արվեստը և ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն էր դա, մեծ հաճույքով եմ կատարել։

-Ներկա էի առաջնախաղին. գունեղ, վառ, հետաքրքիր ներկայացում է։ Կարծում եմ՝ մեր թատրոնի խաղացանկը հարստացնում է իր ներկայությամբ։

-Այո։ Շատ յուրօրինակ է, ինքնատիպ է։ Նոր շունչ բերեց թատրոն։

-Տարիներ առաջ առիթ ունեցա զրուցելու մեր օպերային թատրոնի բալետային խմբի արտիստներից մեկի հետ։ Անդրադարձանք այս արվեստի բացասական կողմերին. Պարզվեց՝ բեմում տեսնում ենք հրաշքը, գեղեցկությունը, կախարդանքը, բայց կուլիսներում ամեն բան այնքան էլ հարթ չէ. նախանձ բարդ հարաբերություններ, միշտ առաջինը լինելու ցանկություն, ինչը խժդժությունների է բերում։ Ի՞նչ եք կարծում օպերային արտիստը մարդկային ու մասնագիտական ի՞նչ որակներ պետք է ունենա, որպեսզի կարողանա այդ կամուրջներն ու ճանապարհները հարթ անցնել և չկոտրվել։

-Պետք է երբեք չնայես, թե ով ուր է հասել, թե ով ուր է գնում։ Պետք է ճանապարհդ անցնես՝ քեզ միայն քեզ հետ համեմատելով։ Երբ մի ներկայացում խաղում եմ, հետո հաջորդն է գալիս, միշտ հիշում եմ, թե նախորդ ներկայացման ժամանակ ինչ սխալներ եմ արել, որպեսզի չկրկնեմ։ Դա օգնում է աճել։ Երբ նստում ու նայում ես, թե ով ուր է հասել, ով ինչ է արել և այլն, քաոս է լինում։ Պետք է հասկանաս, թե ինչն է քեզ հոգեհարազատ, որ կերպարն ես ուզում կերտել, որն է հաջորդ կետը, որին ձգտում ես։ Որպես հանդիսատես համերգներին մեծ հաճույքով ունկնդրում եմ իմ կոլեգաների ելույթները։ Կան դերերգեր, որոնք իմ ձայնի համար չեն, բայց որոնք շատ եմ սիրում։ Օրինակ՝ «Աիդա» օպերան. շատ եմ սիրում երաժշտությունը, շատ եմ սիրում բեմադրությունը, պատմությունը, ուստի բազմից այն վայելել եմ որպես հանդիսատես։  Եթե ընտրես քո ուղին, հարթ կգնաս նրանով ու կհասնես նպատակիդ։

-Իսկ ո՞րն է Ձեր նպատակն այսօր։ 

-Ե՛վ երեկ, և՛ այսօր ձգտում եմ էլ ավելի կատարելագործվել իմ մասնագիտության մեջ։ Ցանկացած նոր դեր սովորելիս նոր բան եմ բացահայտում ինձ համար թե՛ որպես արտիստ, թե՛ որպես երգչուհի։ Կան դերերգեր, որոնց մասին երազում եմ, սակայն հիմա չեմ բարձրաձայնի՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում այդ դերերը կկերտեմ։ 

-Առաջիկայում թատրոնում Ձեր մասնակցությամբ ի՞նչ ներկայացումներ են սպասվում։

-Սպասվում են շատ լավ նախագծեր, որոնց մասին հիմա չեմ կարող խոսել։ Երբ հաստատվեն, մեծ սիրով կբարձրաձայնենք։

-Սիլվա, չեմ կարող չանդրադառնալ Ձեր ընտանիքին։ Ձեր ամուսինը ժողովրդական երգիչ Հայկ Ավետիսյանն է։ Նա մի առիթով ասել է, որ շատ է սիրում դասական երաժշտությունը։ Երբևէ մտածե՞լ եք համատեղ որևէ նախաձեռնությամբ հանդես գալ։

-Դեռ չէինք ամուսնացել, երբ այդ գաղափարը կար։ Միշտ ասում էի, որ կարելի է համատեղ մի բան անել։ Սկզբնական շրջանում ասում էր, որ կարելի է, հետո՝ որ ես զբաղվեմ իմ մասնագիտությամբ, ինքն էլ՝ իր։ Պարբերաբար խոսում եմ այդ մասին և հուսամ՝ այս հարցազրույցից հետո նա ևս մեկ անգամ կմտածի այս մասին, և մենք մի բան կնախաձեռնենք։ 

-Եվս մեկ անգամ շնորհակալ եմ զրույցի համար։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում։

-Ես ևս շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում