Մշակույթ

ԿԳՄՍ ներկայացուցիչներն այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ ներկայացուցիչներն այցելել են  Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք: 

Սրվեղի վանքը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին վերականգնվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ. ներկայում ընթացքի մեջ են տանիքի և զանգաշտարակի կառուցման աշխատանքները: 

Սրվեղի վանքում շարունակվում են 19-րդ դարի Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Նշան եկեղեցիները վերականգնման աշխատանքները: Աղյուսե պատերի վերականգնումն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված վարպետները: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թ.: 

Ոսկեպարի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցին նորոգվում է ԿԳՄՍՆ Պահպանության ծառայության արտաբյուջեի միջոցներով. ընթացքի մեջ են տանիքների ծածկասալերի նորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է տարեվերջին: 

Մակարավանքում մասնագետները քննարկել են բարերարի միջոցներով գավիթի տանիքի նորոգման ընթացիկ աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2026 թ.: Պատվիրատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում