Ո՞րն է ավելի վտանգավոր հանցանք՝ սպանությո՞ւնը, թե՞ կոռուպցիան. Գալյանը ներկայացրեց իր տեսակետը
3 րոպեի ընթերցում
Կոռուպցիայի խնդիրների մասին խոսելիս՝ շատերն անմիջապես չեն գիտակցում դրա իրական վտանգը, սակայն կոռուպցիան իր հետևանքներով կարող է ոչ պակաս ավերիչ լինել, քան ծանրագույն քրեական հանցագործությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը մարդկային կյանքի, անվտանգության և պետության կենսունակության հարց է։
Գալյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության օրվա ընթացքում կոռուպցիայի մասին խոսելը խորհրդանշական է, քանի որ կոռուպցիան առաջին հերթին հարվածում է հենց մարդու իրավունքին։
«Մենք ունենք հանձնառություն պայքարելու կոռուպցիայի դեմ, և քաղաքականության մշակման ու ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորման տեսանկյունից մեծ աշխատանք է կատարվել։ Հաջորդ տարիների մեր ջանքերը ուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտների կարողությունների զարգացմանը, պետական ապարատի ավելի թափանցիկ աշխատանքին, կուսակցությունների ֆինանսավորման վերահսկմանը, ազդարարողների պաշտպանության համակարգի բարելավմանը և մի շարք այլ միջոցառումների»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանը կունենա արդարադատության ոլորտին առնչվող ռազմավարական փաստաթուղթ, որտեղ կոռուպցիան ներառված է առանձին ռազմավարական ծրագրով։
«Երիտասարդների հետ քննարկումների ժամանակ հաճախ քննարկում ենք հետևյալ հարցը․ ո՞րն է ավելի վտանգավոր հանցանք՝ սպանությո՞ւնը, թե՞ կոռուպցիան։ Լսարանի 90 տոկոսն անմիջապես պատասխանում է՝ սպանությունը։ Բայց երբ օրինակներն են ներկայացվում, պատկերն արմատապես փոխվում է։ Օրինակ՝ կոռուպցիոն գործարքների արդյունքում կառուցված կամուրջը փլվում է և մահ է պատճառում տասնյակ մարդկանց։ Կամ հումանիտար օգնությունը չի հասնում հասցեատերերին, քանի որ պաշտոնյաներն այն յուրացրել են։ Այսպիսի օրինակները շատ են»,- ասաց Արդարադատության նախարարը։
Նրա խոսքով՝ այս քննարկումների նպատակը հանրային ընկալման փոփոխությունն է՝ հասկանալու, որ կոռուպցիան իրական սպառնալիք է։
«Դրա համար պետությունները որդեգրում են զրո հանդուրժողականության քաղաքականություն։ Միգուցե, դա միշտ կատարյալ չի գործում, բայց գաղափարական առումով դա պարտադիր պետք է լինի՝ կոռուպցիոն ռիսկերը զսպելու համար»,- եզրափակեց նա։