Հայաստան

ՀՀ վարչապետն ապատեղեկատվության և այլ սպառնալիքների դեմ պայքարի լավագույն միջոց է համարում ժողովրդի հետ ակտիվ երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ապատեղեկատվության և այլ սպառնալիքների դեմ պայքարի լավագույն միջոց է համարում ժողովրդի հետ ակտիվ երկխոսությունը

Հայաստանի վարչապետը հնարավոր բոլոր տեղեկատվական և այլ կարգի սպառնալիքների դեմ առաջին գործիքը համարում է ժողովրդավարական դիմադրողականության բարձրացումը, որի համար ամենահուսալի միջոց է դիտարկում ժողովրդի հետ ակտիվ երկխոսությունը:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն կա արդյոք, որ Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հնարավոր են արտաքին միջամտություններ:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում 2021 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անցկացվել են շատ ծանր, հետպատերազմական իրավիճակում, երբ մեծ է եղել նաև ապատեղեկատվության հոսքը, որի դեմ պայքարի հարցում Հայաստանի իշխանությունները հույսը դնում են ժողովդրի հետ ակտիվ երկխոսության վրա:

‹‹Մեր գաղափարները, քայլերը, ծրագրերը ակտիվ կերպով ներկայացվել են ժողովրդին, որպեսզի ՀՀ քաղաքացիները ուղիղ մեզնից լսեն, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում››,-ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Հայաստանը և տարածաշրջանը գտնվում են պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում:

‹‹Այդ փոփոխություններն, իսկապես, շատ խորը, պատմական կոնտեքստ ունեն, և երբեմն, բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները չէ, որ տեսանելի և հեշտ ընկալելի են առաջին հայացքից: Այդ առումով մենք բոլոր տեղեկատվական և այլ կարգի սպառնալիքների դեմ առաջին գործիքը համարում ենք ժողովրդավարական դիմադրողականության բարձրացումը, իսկ դրա համար մենք մի հուսալի միջոց գիտենք. դա մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսությունն է ու ակտիվ շփումն ինչպես ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի, այնպես էլ անմիջական շփումների միջոցով, որը մենք պարբերաբար ունենում ենք ժողովրդի հետ: Առաջիկա շրջանում այդ նույն տեմպով և մեթոդներով կշարունակենք այդ ակտիվ երկխոսությունը ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային հանրության հետ››-ընդգծել է Հայաստանի վարչապետը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում