Թրամփի գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում Ռուսաստանն ավելի ուժեղ դիրքում է
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը նախագահ չլիներ, հնարավոր է՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվեր երրորդ համաշխարհային պատերազմի՝ ավելացնելով, որ բանակցային գործընթացում Ռուսաստանն անկասկած ավելի ուժեղ դիրքում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թրամփը Politico թերթին տված հարցազրույցում։
«Դրանում կասկած չի կարող լինել։ Դա Ռուսաստանն է։ Այն շատ ավելի մեծ երկիր է։ Սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Անկեղծ ասած, դա տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի, և դա տեղի չունեցավ չորս տարի։ Կարծում եմ, եթե ես նախագահ չլինեի, դուք կարող էիք ունենալ երրորդ համաշխարհային պատերազմ, ինչն, իմ կարծիքով, հիմա տեղի չի ունենա։ Այն, ինչ հիմա կա, մեծ խնդիր է Եվրոպայի համար։ Եվ նրանք լավ չեն կարգավորում այն»,-նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը գտնում է, որ այժմ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու ժամանակն է։
«Այո, կարծում եմ՝ ժամանակն է։ Կարծում եմ՝ կարևոր ժամանակ է ընտրություններ անցկացնելու համար։ Ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը։ Չգիտեմ՝ ով կհաղթի, գուցե Զելենսկին հաղթի։ Նրանք երկար ժամանակ ընտրություններ չեն անցկացրել։ Գիտեք, նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց հասնում են մի կետի, երբ դա այլևս ժողովրդավարություն չէ»,- ասել է Թրամփը։
Նա հպարտորեն նշել է ութ տարբեր պատերազմներ կարգավորելու մասին, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության առումով շեշտել է Պունտինի և Զելենսկու միջև առկա ատելության բարձր մակարդակը։
«Այս մեկը դժվար է։ Պատճառներից մեկն այն է, որ Պուտինի և Զելենսկու միջև ատելության մակարդակը հսկայական է»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է՝ այն մոտեցումը, որ Ուկրաինան չպետք է միանա ՆԱՏՕ-ին, վաղուց է գոյություն ունեցել։
«Կար այն հասկացողությունը, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Անկեղծ ասած, այն գոյություն ուներ Պուտինից շատ առաջ», - ասել է նա։