Քաղաքականություն

Միջազգային իրավունքի մշակումն ու զարգացումը չեն հաջողել ցեղասպանությունների արդյունավետ կանխարգելման գործում. Աբիսողոմոնյան

4 րոպեի ընթերցում

Միջազգային իրավունքի մշակումն ու զարգացումը չեն հաջողել ցեղասպանությունների արդյունավետ կանխարգելման գործում. Աբիսողոմոնյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակներում, Նյու Յորքում ելույթ է ունեցել «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը։ 

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշել է, որ միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի մշակումն ու զարգացումը չեն հաջողել ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների արդյունավետ կանխարգելման գործում, իսկ տեխնոլոգիական առաջընթացը և պատերազմի միջոցների և զենքերի զարգացումը չեն նվազեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։ 

Մարդածին աղետների կանխարգելման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակին և համախմբված արձագանքի ապահովման կարևորությունը։ Նշել է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես՝ խոցելի խմբերի նկատմամբ, պետք է լինեն վաղ նախազգուշացման համակարգի հիմքը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վաղ նախազգուշացման և արձագանքման մեխանիզմների հայեցակարգային խնդիրներին՝ կարևորելով գործառնական ու քաղաքական բաղադրիչների համահունչ աշխատանքի ապահովումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև 2024թ. Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի նշանակությունը:

Անդրադառնալով ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում համակարգային փոփոխություններին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանավորվածությունների խախտումների և պետությունների քաղաքականության ու առաջնահերթությունների անվտանգային բաղադրիչի ավելացման ֆոնին ՄԱԿ-ի համակարգի շարունակական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման և ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների հարցում հաշվետվողականության ապահովման մեխանիզմների զարգացմանը։

2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 

2025թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում